Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում
«Ереванский Наблюдатель» ալիքը, որը պարբերաբար հրապարակում է նյութեր` հղում անելով Փաշինյանի վարչակազմի աղբյուրներին, հրապարակել է նյութ, ըստ որի ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու որոշումը Փաշինյանը չի կայացրել
Հայաստանի իշխանություններն ակտիվորեն առաջ են մղում այն «վարկածը», թե Արսենյանի հնարավոր փոխարինման պատճառը նրա՝ իբր ոչ բավարար կոշտ դիրքորոշումն է և, նույնիսկ, վերջին շրջանում Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ նրա անհամաձայնությունը։
Ըստ հրապարակման, Հայաստանի դեսպանատան աշխատակիցները բացահայտվել են ռուսական լրատվամիջոցներում վճարովի նյութեր տեղադրելու փորձի ժամանակ։ Նշվում է, որ այդ նյութերը նպատակ ունեին վարկաբեկել ՌԴ ԱԴԾ-ին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի գլխավորությամբ։
Աղբյուրի պնդմամբ՝ երկու հայ դիվանագետների բռնել են «գործողության պահին»՝ կանխիկ գումարով, իսկ նրանց նամակագրությունն ու հեռախոսային խոսակցությունները արձանագրվել են։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև դեսպան Գուրգեն Արսենյանը։ Աղբյուրը պնդում է, որ արձանագրվել են Մոսկվայում նրա բանակցությունները մի անձի հետ, որն իբր առնչություն ունի Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ։ Այդ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական օբյեկտներին և կառույցներին վերաբերող ռազմաքաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձ փոխանցման վերաբերյալ։
Հրապարակման հեղինակները պնդում են, որ Մոսկվան, չցանկանալով հարցը վերածել հրապարակային սկանդալի, Երևանին առաջարկել է փոխարինել խնդրահարույց դիվանագետներին։
Այս տեղեկությունները, ըստ «Ереванский наблюдатель»-ի, փոխանցել են Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրները։
