Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ
ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ:
Հանցավոր կազմակերպության անդամներից ևս 1-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք, որ նախաքննության շրջանակում 21 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որոնցից 15-ով կան մեղադրական դատավճիռներ:
Հիշեցնենք, որ հանցավոր ծագում ունեցող 704 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
