Ազգիս Շնորհազարդ եւ Սրբազնագույն Հայրապետի 75-ամյա հոբելյանն է․ Հայր Ասողիկի շնորհավորանքը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը շնորհավորել է Վեհափառին Ծննդյան օրվա կապակցությամբ․
«Ազգիս Շնորհազարդ եւ Սրբազնագույն Հայրապետի 75-ամյա հոբելյանն է:
75 տարիներից 54 տարին Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ որպես ձեռնադրյալ եւ օծյալ սպասավոր, իր բազմարդյուն ծառայությունն է բերում Ամենակալ Աստծուն, Տիրոջ Սբ Եկեղեցուն, աստվածընտրյալ հայոց ազգին եւ Մայր Հայաստանին։
54 աստվածօրհնյալ տարի, որ բարձրորեն գնահատվել, գնահատվում եւ գնահատվելու է Սբ Եկեղեցու, Ազգի, Հայրենիքի եւ Հայոց պատմության կողմից։
Փառք եմ տալիս մեր Տեր Աստծուն, որ ի դեմս մերազնյա Վեհափառ Հայրապետի տեսնում եւ ճանաչում եմ Հայոց սուրբ եւ անձնդիր նախնյաց ոգին, իմաստությունն ու արիությունը, առաքինությունն ու նախանձախնդրությունը, նվիրումն ու հավատարմությունը։
Երջանիկ եմ, որ շնորհն ունեմ կայանալու եւ իմ հոգեւոր համեստ ծառայությունը կյանքի կոչելու Հայոց Հայրապետի բծախնդիր եւ հետեւողական հայացքի եւ օրհնության ներքո։
Թող Ամենակալ Աստված արեւշատ եւ տակավին երկար ու քաջառողջ կյանք պարգեւի մեր Մեծ Հայրապետին եւ նրա ծննդյան բյուր օրհնությունը հեղի ամեն մի հայի անձին ու կյանքին, որպեսզի Հայոց Կաթողիկոսի աստվածաշնորհ օրինակով լինենք տեր եւ մատաղ մեր Եկեղեցուն, Ազգին եւ Հայրենիքին։
Շատ սիրելի Վեհափառ Տեր, Աստված օգնական այժմ եւ առհավետ»։
