Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։
Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես էլ՝ Կառավարության հնգամյա ծրագրում, սրանք սահմանել են կեղծ և ապօրինի դրույթներ, որոնց համաձայն փորձ են անելու հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Բարենորոգման» շինծու և հակապետական օրակարգի ներքո՝ փորձելու են իրականացնել այն, ինչի մասին դարեր շարունակ երազել են մեր թշնամիները։
Այս գործընթացի շահառուների նպատակն է մեր ազգային եկեղեցու կործանումը, ինչը, բնականաբար, պետք է կանխվի մեր համատեղ ջանքերի գործադրմամբ։
Այս հակապետական, հակաեկեղական արշավի մասն են կազմում բարձրաստիճան հոգևորականներին մեկուսացնելու, կալանավորելու ապօրինի փորձերը։
Այս օրերին մեր սրբազան հայրերի աննկուն, արժանապատիվ պահվածքը իսկապես օրինակ է բոլորիս համար։
Ամոթանքի և հանրային պարսավանքի են արժանի Խորհրդարանի ամբիոնից Վեհափառի հասցեին անպարկեշտ արտահայտություններ անողները։
Չափազանց զավեշտալի է, երբ մեր եկեղեցին իբր քաղաքականությունից դուրս բերելու անհրաժեշտության մասին են խոսում մարդիկ, որոնք անձամբ են իրենց քիթը խոթում եկեղեցու գործերի մեջ, կազմակերպում գրոհներ ՀԱԵ֊ի դեմ։
Սրանք չեն գիտակցում, որ ոչ նման արշավներով, ոչ անգամ քրեական գործերով չեն կարող վնաս հասցնել մեր Եկեղեցուն, սասանել նրա հիմքերը։
Այս քստմնելի քաղաքականության առաջին իսկ օրից հայտնել եմ իմ անշեղ դիրքորոշումը՝ աջակցելով հԱԵ-ին և ամենայն Հայոց Հայրապետին։
Վերահաստատելով այն՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին՝ թե աջակցության խոսքերով, թե ֆիզիկական ներկայությամբ պաշտպանել մեր Սրբության Սրբոցը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
«Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ․ 23։34)»։
