ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

«Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջին շաբաթներին աստիճանաբար դառնում է իշխող մեծամասնության աշխատաոճի բնորոշ դրսևորում․ «բարեկիրթ» միջավայրի պահպանման անվան տակ դահլիճից հեռացվեց ընդդիմադիր պատգամավոր։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ աշխատակիցների միջոցով նիստերի դահլիճից հեռացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանին։

Պաշտոնական բացատրությունը ծանոթ է՝ խախտվել են բարեկրթության կանոնները, խաթարվել է նիստի բնականոն ընթացքը, «քաղաքակիրթ» քննարկման մթնոլորտը։ Սակայն այս և նախորդ նմանատիպ միջադեպերը շատ ավելի խորքային խնդիր են բացահայտում։

«Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած «բարեկրթությունը» վարքականոն կամ աշխատանքային կարգապահություն չէ։ Այն աստիճանաբար վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով իշխանությունը փորձում է ցուցադրական կարգուկանոնով քողարկել նոր Ազգային ժողովի շուրջ առկա լեգիտիմության ճգնաժամը։

Ընտրություններից հետո լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը ոչ միայն չի փակվել, այլև տեղափոխվել է նոր խորհրդարանի գործունեության դաշտ։ Այս պայմաններում «բարեկիրթ միջավայրի» պահանջը դառնում է յուրատեսակ փոխարինող լեգիտիմություն՝ ստեղծելով պատրանք, թե խորհրդարանում ամեն ինչ ընթանում է սահմանված կանոններով, իշխանությունը պաշտպանում է կարգը, իսկ ընդդիմությունը պարզապես «անբարեկիրթ» է և դրա համար էլ պատժվում է։

Սակայն այստեղ սկզբունքային հարց է առաջանում․ ո՞վ և ի՞նչ հստակ չափանիշներով է որոշում՝ որն է «բարեկիրթ», իսկ որը՝ «անբարեկիրթ» վարքագիծ։ Եվ, որ ավելի կարևոր է, նույն չափանիշները հավասարապես կիրառվո՞ւմ են իշխանության և ընդդիմության նկատմամբ։

Հենց այստեղ է, որ խորհրդարանական «բարեկրթությունը» վտանգավոր կերպով սկսում է հիշեցնել «զոնի պանյատները»։

«Զոնում» «ճիշտն» ու «սխալը» որոշվում են ոչ թե գրված օրենքով և բոլորի համար հավասար կանոններով, այլ «ասողի» կամքով։ Խորհրդարանում ևս աստիճանաբար արմատավորվում է նույն տրամաբանությունը․ օրենքն ու կանոնակարգը մղվում են երկրորդ պլան, իսկ որոշիչ է դառնում «ասողի» գնահատականը՝ Վահագն Ալեքսանյանի, Ռուբեն Ռուբինյանի կամ տվյալ պահին նիստը վարող մեկ այլ իշխանական գործչի հայեցողությունը։

Եթե իշխանությունը որոշում է, որ ընդդիմադիր պատգամավորի ելույթը կամ վարքագիծը «անբարեկիրթ» է, կարող է հետևել պատիժ՝ ընդհուպ մինչև դահլիճից հեռացում։ Իսկ երբ համանման վարքագիծ է դրսևորում իշխանական պատգամավորը, այն կարող է պարզապես անտեսվել կամ բոլորովին այլ մեկնաբանություն ստանալ։

Երբ կանոնը մեկնաբանում է նույն քաղաքական մեծամասնությունը, որը նաև պատժում է դրա ենթադրյալ խախտման համար, իսկ չափանիշները կիրառվում են ընտրողաբար, գործ ունենք ոչ թե խորհրդարանական կարգապահության, այլ քաղաքական կամայականության հետ։

Սա խորհրդարանական քաղաքականության բովանդակազրկում է։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է վարքագծային վերահսկողության դաշտ, իսկ խորհրդարանը գաղափարների, ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների բախման հարթակից վերածվում է «պատշաճության» ցուցադրման տարածքի։

Այսպիսի միջավայրում ընդդիմության հիմնական գործառույթը՝ իշխանությանը հաշվետու պահելը, սուր հարցեր տալը, քննադատելը և այլընտրանք ներկայացնելը, աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։ Առաջնային է դառնում մեկ այլ պահանջ՝ չանցնել այն սահմանը, որը տվյալ պահին գծում է իշխանական մեծամասնությունը։

Ղազինյանի հեռացումն այս տրամաբանության մեջ պատահական դրվագ չէ։ Խնդիրը նույնիսկ նրա ելույթի բառապաշարը կամ վարքագիծը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական անհամաձայնությունը տեղափոխվում է «պատշաճության» գնահատման դաշտ, որտեղ իշխանությունը միաժամանակ սահմանում է չափանիշը, որոշում դրա խախտման փաստը և կիրառում պատիժը։

Այս տրամաբանության պայմաններում քաղաքական հակափաստարկին փոխարինում է վարչական միջամտությունը, բանավեճին՝ պատիժը, իսկ քաղաքական հակադրությանը՝ պատգամավորի ֆիզիկական հեռացումը դահլիճից։

Մեծ հաշվով, «բարեկրթության» այս ցուցադրական բեմականացումը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել կարգուկանոնի և բնականոն խորհրդարանական կյանքի պատրանք այն պայմաններում, երբ Ազգային ժողովի լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը շարունակում է մնալ չլուծված։

Սակայն խորհրդարանը «բարեկիրթ զոն» դարձնելով՝ հնարավոր է ժամանակավորապես լռեցնել անցանկալի ձայները, բայց հնարավոր չէ լուծել լեգիտիմության խնդիրը։

Այնտեղ, որտեղ գրված կանոնին փոխարինում է «ասողի» քմահաճույքը, կարգուկանոն չի հաստատվում։

Հաստատվում է կամայականություն»։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Թյուրքական պետությունների գագաթնաժողովը. Միջին միջանցք և ռուսական գործոն Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն․ «Հետք» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները Ադրբեջանցի մարտիկը չդիմացավ հայազգի Լեբոսնոյանիի հարվածներին. երրորդ անընդմեջ հաղթանակը UFC-ում «Արարատ-Արմենիան» դեմ է ՀՖՖ կանոնադրության փոփոխություններին Ռուսական համարանիշներով «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավոր Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը․ Շարմազանով Ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին «Թող մշտապես ծաղկյալ մնա Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը»․ Արագածոտնի թեմ Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է Ինչ եղանակ է սպասվում Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը 58 տարի առաջ հենց այս օրը ավարտվեց «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի շինարարությունը Շարունակեք Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու․ Սամվել Կարապետյան Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն, Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած «Պատարագը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am