Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի ավիաբազային
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ավիաբազային, հաղորդել են սիրիական լրատվամիջոցները։ Իսրայելի կառավարությունը փաստացի հաստատել է հարձակումը, որը կոշտ քննադատության է արժանացել ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնացի կողմից։ Վերջինս հարվածներն անվանել է «անհարկի էսկալացիա»։
Սիրիայի պետական Ekhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով ռազմական աղբյուրի, հայտնել է, որ Իսրայելը ութ ավիահարված է հասցրել Իդլիբ նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ադ-Դուհուր ավիաբազայի թռիչքուղուն և պահեստային տարածքներին։ Reuters-ի փոխանցմամբ՝ մեկ այլ ռազմական աղբյուր և տեղի բնակիչ հայտնել են, որ զոհեր չկան։
Սա մարտից ի վեր Սիրիայի կառավարության օբյեկտների ուղղությամբ Իսրայելի առաջին հարվածն է։ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ավելի վճռական դիրքորոշում որդեգրել՝ վերջ դնելու Իսրայելի կողմից Սիրիայի դեմ ագրեսիայի սրմանը»,— ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը փաստացի հաստատել է հարձակումը՝ X-ում անգլերեն հայտարարություն հրապարակելով։
«Իսրայելը և Սիրիան անվտանգության հարցերում համաձայնության էին եկել ստատուս քվոյի պահպանման շուրջ, որը Սիրիայի կողմից խախտման վտանգի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ թույլ էր տրվել թուրքական զորքերի տեղակայումը Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Իսրայելը բազմիցս զգուշացրել էր Սիրիային, որ նման տեղակայումը սպառնալիք կստեղծի Իսրայելի անվտանգությանը։ Սիրիան նախընտրեց անտեսել այդ նախազգուշացումները»,— ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուի գրասենյակից նաև նշել են, որ «Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ և կցանկանար, որ վերականգնվեր նախկին ստատուս քվոն»։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում չի հստակեցվել՝ արդյոք թուրքական զորքերը գտնվել են այդ սիրիական ավիաբազայում։ Թուրքիայի Հաղորդակցության վարչությունը, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ «Իսրայելի վարչապետի գրասենյակի կողմից հնչեցված անլուրջ մեղադրանքները նպատակ ունեն օրինականացնել Իսրայելի ապօրինի ավիահարվածները, որոնք ոտնձգություն են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։
ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում և Սիրիայի ու Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը X-ում գրել է, որ Աբու ադ-Դուհուր ավիաբազային իսրայելական ավիահարվածները «անհարկի էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»։
Նրա խոսքով՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը «բազմիցս հայտարարել է, որ նախընտրում է Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության թուլացման ճանապարհը»։
