21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան
Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«10 հազար եվրոյանոց հեծանիվ քշող Արսեն Լամբորջինի, որտե՞ղ են քո սոցիալական ծառայությունները, որտեղ ես դու անձամբ, գետնից կտրված ճախրում ես և երազում նոր գերթանկարժեք խաղալիքների մասին, երբ մարդիկ 21-րդ դարում Հայաստանում սովից մահանում են։
Արմավիրում ծայրահեղ թշվառության և աղքատության մեջ հայտնված հայրն ու որդին հիշեցրեցին Հայոց Ցեղասպանության պատմական լուսանկարներում և ֆաշիստական գետտոներում ապրող սովալլուկ պատկերները։
Ասում ե՞ս Աշխատանքի և բարեկեցությա՞ն, թե՞ Թշվառության և սովի նախարարությո՞ւն…»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը, մեկնաբանություններում արձագանքելով համացանցում տարածված տեսանյութին, գրել է․ «Հայտնում եմ, որ տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը:
Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»։
