Ամերիկյան հետախուզական ծառայությունների ձախողված աշխատանքը դարձել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը․ Արաղչի
Ամերիկյան հետախուզական ծառայությունների ձախողված աշխատանքը դարձել է այն սխալ հաշվարկների պատճառը, որոնք թույլ են տվել Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ է գնահատել իրավիճակը՝ հետախուզության աշխատանքում տեղ գտած ձախողումների պատճառով։ Իրանի հետ պատերազմը դրա վառ օրինակն է։ Այժմ ԱՄՆ-ը նույնիսկ ավելի մեծ սխալ հաշվարկ է թույլ տվել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Կեղծ լուրերից ավելի վատ կարող է լինել միայն կեղծ հետախուզությունը», - գրել է նա X-ում։
Օգոստոսի 10-ին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնում սխալվել են Իրանում ներքաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ իրենց կանխատեսումներում, քանի որ հիմնվել են արհեստական բանականության գնահատականների և այլ ոչ օբյեկտիվ տվյալների վրա։
ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ՝ Հորմուզի նեղուցին վերաբերող մասով։
