Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները
Հունական «Օլիմպիակոսը» չի բացառում, որ կրկին կփորձի ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը։ Ինչպես հայտնում է Евро-Футбол-ը, Աթենքը ներկայացնող ակումբն արդեն կապ է հաստատել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ, սակայն առաջին փորձն անարդյունք է ավարտվել։ Սերբական կողմը ֆուտբոլիստի համար պահանջել է այնպիսի գումար, որը հույները չափազանց բարձր են համարել և հրաժարվել են վճարել։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն շփումներիի վերսկսումն ուղղակիորեն կախված է եվրագավաթներում սերբական թիմի մրցելույթներից։ Եթե «Ցրվենա Զվեզդան» կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր, ապա պաշտպանի տրանսֆերային արժեքի հարցում ակումբի դիրքորոշումը հնարավոր է փոխվի։
Որակավորման երրորդ փուլում բելգրադյան թիմը պետք է մրցի Բեեր Շևա քաղաքը ներկայացնող իսրայելական «Հապոելի» հետ։ Սպասվում է, որ հենց այս երկխաղյա դիմակայության ելքն էլ վերջնականապես կպարզաբանի Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերի ճակատագիրը։
Նշենք, որ Transfermarkt պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո, և բանակցությունների ընթացքում շրջանառվում է հենց այս թիվը։
Armsport
