Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է
Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նկատելով, որ Ալեքսանյանին կալանավորելը խիստ ապօրինի բնույթ է կրում, բոլոր ուղղություններով՝ և հիմնավոր կասկածի, և կալանավորման հիմքերի մասով բողոքարկել են։
Վերաքննիչ բողոքը դեռ չի մակագրվել։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խուսափել, խոչընդոտել քննությանը՝ առանց որևէ փաստարկի, հիմնավորման»,- ասաց պաշտպանը։
Այս ընթացքում Ալեքսանյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում չի եղել, այսօր պաշտպանն այցելել է Ալեքսանյանին․ «Նա շատ լավ էր, ամուր և ուժեղ»։
Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև Նարեկ Կարապետյանին։ Թե վարույթով ինչն է դրված մեղադրանքի հիմքում՝ ցուցմունքներ են, օհմ-ներ՝ Ֆերոյանը չմանրամասնեց՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված, միայն պնդեց, որ օբյեկտիվ իրականության մեջ իրավիճակը փաստող որևէ կոնկրետ ապացույց դրված չէ, դրա համար էլ պնդում են, որ ակնհայտ ապօրինի բնույթ է կրում։
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ նյութապես շահագրգռելու մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու դրվագով ավելի քան 150 անձ է հարցաքննվել, որոնցից որևէ մեկը չի հայտնել, որ նման առաջարկ եղել է։ Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, ապա կա միայն օպերատիվ տվյալ, ինչը, պաշտպանների պնդմամբ, չի անցել դատական վերահսկողության որևէ երաշխիքով, հետևաբար, այն չի կարող հիմք հանդիսանալ անձին որևէ ենթադրյալ հանցանք մեղսագրելու համար, այն էլ՝ փողերի լվացման։
