Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը
9-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորական մանդատ չի ստացել 8-րդ գումարման ՔՊ-ական պատգամավոր՝ գյումրեցի Էմմա Պալյանը։ Նա ՔՊ ցուցակում 93-րդն էր` հերթն իրեն չի հասել։ Բայց Պալյանը «մանդատից 3 էր պակաս», քանի որ ՔՊ ցուցակից մանդատներ ստացել են 89 համարը ներառյալ (ցուցակից 28-ն ինքնաբացարկ է հայտնել՝ պաշտոնների նշանակվելու համար)։
Մենք Էմմա Պալյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվելու պատգամավորական աթոռը լքելուց հետո։ Նրան կարծես ինքնապատասխանիչ միացրած լիներ, շարունակ կրկնում էր նույն միտքը․ «Առաջիկայում կլինի հայտարարություն, կիմանաք»։ Եվ որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել, չմասնավորեցրեց նաեւ՝ նոր զբաղվածությունը պետական կառավարման համակարգի հետ առնչություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ։
Էմմա Պալյանը նախկինում ԱԺ իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է եղել։ 2021թ. մարտին, երբ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը ՀՌՀ տեղափոխվեց, նրա մանդատը հասավ ցուցակի հաջորդ համար Էմմա Պալյանին: Պալյանը դեռ օգնական եղած ժամանակվանից պարբերաբար սկանդալների առանցքում է հայտնվել։ Մասնավորապես, Մարտի 8-ի շնորհավորական ուղերձը նա copy-paste էր արել Արմեն Աշոտյանից եւ տեղադրել որպես պատգամավոր Կարեն Սարուխանյանի ուղերձ։ Նա ամուսնուն՝ Ալբերտ Մարտիրոսյանին, գրանցել էր իր՝ որպես պատգամավորի, հասարակական հիմունքներով օգնական եւ ուշագրավ բացատրություն տվել, թե ամուսինն իրեն Գյումրուց Երեւան է բերում, իսկ օգնական գրանցվել է, որ կարողանա ԱԺ շենք մտնել, որպեսզի դրսում չսպասի իրեն։ Սկանդալների մեջ են պարբերաբար հայտնվել նաեւ Պալյանի ընտանիքի անդամները։ 2025-ի փետրվարին մեծ աղմուկ առաջացավ, երբ նրա եղբայրը` Հայկ Պալյանը, մեկնաբանություն-հարց էր գրել. «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»։ Այն ժամանակ դեռ արցախցիների հանդեպ ատելության խոսքը մեծ ընդվզում էր առաջացնում, եւ այս հարցը մեծ աղմուկի տեղիք տվեց, որից հետո Էմմա Պալյանը ներողություն խնդրեց արցախցիներից եւ հայտարարեց, թե դա վրիպակ է․ «Ուղղակի էդ հարցի նպատակը եղել է՝ Ղարաբաղի՞ց եք, թե՞ Հայաստանից․ զուտ տեղանքի առումով»:
2025-ին հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ Շիրակի մարզի դպրոցների տնօրենները գնումներ էին կատարում Հայկ Պալյանին պատկանող գրենական պիտույքների խանութից։ Էմմա Պալյանը կտրականապես հերքեց իր ազդեցությունն այդ գնումների վրա` Շիրակի 146 դպրոցներից ընդամենը 7-8 դպրոց է գնումներ կատարում եղբոր խանութից, տնօրեններից ոչ մեկին ինքը չի հրահանգել, չի պահանջել եւ նույնիսկ չի խնդրել՝ գնումներ կատարել այնտեղից։ Իսկ եղբայրը բիզնեսը սկսել է դեռ իր` պատգամավոր ընտրվելուց առաջ։
Հայրը՝ Նորո Պալյանը եւս բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նա շարունակաբար վիրավորական բնույթի մեկնաբանություններ է գրում իր քաղաքական հայացքները չկիսող մարդկանց հասցեին` լրատվամիջոցների նյութերի մեկնաբանությունների բաժիններում։ Էմմա Պալյանը ստիպված է եղել մի քանի անգամ արդարանալ նաեւ հոր գրառումների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am
