Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է գնահատում․ պաշտպան
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանն, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այնաստիճան, որ չի էլ ցանականում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։
Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել, իբրև՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է․ Ծ․-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:
ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։ ՔԿ հրապարակած հաղորդագրությանը նաև հաջորդել է ՄԻՊ հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։
Նշենք, որ Գեղամ Հակոբյանի մասով քրեական վարույթն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է․ նախ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, ապա վերջինիս լիազորությունների կասեցմամբ պայմամավորված՝ վերամակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ Հակոբյանը տնային կալանքի տակ է։
Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, Աբրահամյանը նշել է, որ մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ չի էլ ցանկացել մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ անհամաչափ և անտեղի ուժ է կիրառվել, իսկ հրապարակված տեղեկատվությունն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Մեղադրանքի հիմքում առկա տվյալների մասին Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքով, միայն նշեց, որ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա պաշտպանները կբողոքարկեն այն։
