Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում։
Բանն այն է, որ նորընտիր պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ 2024 թվականին հնչեցրած հայտարարությունը, թե Կիրանցում ական հանող սակրավորները կամ պետք է վիրավորվեն, կամ մահանան, շարունակում է թեժ քննարկումների առարկա լինել թե՛ խմբակցության ներսում, թե՛ դրսում՝ իշխանական շրջանակներում։
Իշխանությունները տարբեր խողովակներով փորձում են հասնել այն բանին, որ Ղազարյանը հրապարակային ներողություն խնդրի այդ հայտարարության համար։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ևս այն կարծիքին է, որ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն հայտնի, և այդ մոտեցումը կիսում է նաև խմբակցության մեծ մասը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նարեկ Կարապետյանը Էդգար Ղազարյանին զգուշացրել է այդ մասին՝ ակնարկելով, որ ներողությունը պետք է հնչի ԱԺ ամբիոնից, և թեման պետք է այդպիսով փակվի, սակայն վերջինս համառորեն հրաժարվում է այդ քայլից։ Այդ պատճառով էլ, ըստ նույն աղբյուրների, լարվածություն է առաջացել խմբակցության ղեկավարության և Ղազարյանի միջև։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ վերջին օրերին Էդգար Ղազարյանը կարծես մեկուսացած է խմբակցությունից․ ընդմիջումների ընթացքում նա հիմնականում ժամանակ է անցկացնում Ազգային ժողովի միջանցքներում և հազվադեպ է շփվում խմբակցության գործընկերների հետ։
Արդյոք իրավիճակը կշարունակի սրվել, թե կողմերը կհասնեն որևէ հանգուցալուծման, այս պահին դժվար է ասել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը շարունակում է պահպանել անզիջում դիրքորոշում և չի պատրաստվում Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել՝ անգամ իրեն տրված խմբակցության անունից ելույթի հնարավորությունից օգտվելով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
