Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
«Պատասխանատվությունից խուսափելու և շարունակելով ԵԱՏՄ-ի (առաջին հերթին՝ Ռուսաստանի) միջոցների հաշվին Հայաստանը դեպի ԵՄ ինտեգրելու փորձերի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետությունը չի կարող ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ առանց Եվրամիությանը պաշտոնապես դիմելու։ Նրա խոսքով՝ նման քվեարկությունը հնարավոր կլինի միայն համապատասխան հայտը ներկայացնելուց հետո։
Դժվար է հավատալ, որ Մոսկվայում Հայաստանի հետ հարաբերությունների նման ձևաչափը հավանության կարժանանա։ Ավելի հավանական է, որ իրավիճակը կհանգեցնի նրան, որ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում անդամակցության վերաբերյալ հանրաքվեի թեմային Մոսկվայում կավելացնեն նաև Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման։
Ի վերջո, եթե ընտրվում է ԵՄ-ին անդամակցելու ուղին, ապա այն պետք է ենթադրի ոչ միայն հրաժարում ռուսական շուկայից ստացվող եկամուտներից, այլև Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունից։
Մի՞թե պաշտոնական Երևանը չի հասկանում, որ նման հայտարարություններով, ինչպիսին այսօրվա հայտարարությունն էր, երկկողմ հարաբերությունների օրակարգ է մտցնում ևս մեկ հնարավոր հանրաքվեի թեման»։
