«Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել
«Wildberries»-ը ընկերության պահեստների վրա ուկրաինական զինուժի հարձակումներից տուժած վաճառողներին աջակցելու նպատակով նախաձեռնել է գործընկերային ծրագիր, որի շրջանակում ազատ տարածքներ ունեցող ձեռնարկատերերը կկարողանան պահեստ բացել մարկետփլեյսի վաճառողների համար և գումար վաստակել ապրանքների ընդունման, պահպանման և առաքման միջոցով:
««Wildberries»-ը (ընդգրկված է RWB խմբի կազմում) սկսում է ապրանքների պահեստավորման և մշակման համար հանգույցներ բացելու նոր գործընկերային ծրագիր։ Նախաձեռնությունը կդառնա հարթակի գործընկերների աջակցության միջոցառումների համալիրի մաս»,-ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարմար տարածքների սեփականատերերն ու վարձակալները կկարողանան գործընկերային հանգույց բացել և վարձատրություն ստանալ առցանց առևտրի հարթակի վաճառողների ապրանքների պահպանման և առաքման համար:
Ընկերությունն այժմ հայտեր է ընդունում Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում տարածքների սեփականատերերից և վարձակալներից և նշում, որ նախագծի հետագա աշխարհագրությունը կորոշվի՝ հաշվի առնելով պոտենցիալ գործընկերների հետաքրքրությունը։
«Wildberries»-ի հիմնադիր Տատյանա Կիմի կարծիքով` դա թույլ կտա պատվերներն ավելի արագ հասցնել հաճախորդներին, իսկ ապրանքների հանձնման կետերի սեփականատերերին և համապատասխան տարածքներ ունեցող ձեռնարկատերերին՝ ընդլայնել իրենց հնարավորությունները և ստանալ եկամտի լրացուցիչ աղբյուր:
Ակնկալվում է, որ նոր գործընկերները կընդունեն, կհավաքեն և կառաքեն ապրանքները, ինչպես նաև դրանք կհասցնեն տեսակավորման կենտրոններ:
Տարածքի վերաբերյալ պահանջներին և համագործակցության պայմաններին կարելի է ծանոթանալ sklad.wb.ru կայքում։
