«Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան
Հակոբ Կարապետյանը գրում է. «Դուք կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, կարող եք անտարբեր լինել։ Ձեր հույզերն էլ կարող են տարբեր լինել՝ կարող եք ցավ ապրել կամ ամոթ, կարող եք տարակուսել կամ ուրախանալ՝ ոչ ոք ձեզ չի կարող արգելել դա։ Կարող եք համարել սա աննախադեպ խայտառակություն եկեղեցու եւ պետության երկհազարամյա պատմության մեջ, կամ՝ գերբնական ուժերի ուղարկած արդար դատաստան կոռումպացված հոգեւորականների հանդեպ։ Դուք կարող եք էս դատավարությանը վերաբերել որպես ՀԱԵ դավանորդ, որպես կյանքիխոսքական, հավատացյալ կամ աթեիստ, իշխանամետ կամ ընդդիմադիր, լիբերալ կամ պահպանողական։
Դուք կարող եք համարել, որ Գարեգին Վեհափառն ի՛նքն է խախտել քաղաքական անաչառության սկզբունքը՝ իր հոտը բաժանելով «յուրայինների» ու «օտարների», եկեղեցին դարձնելով կոռումպացված նախկինների կուսակցական ֆիլիալ ու օտարերկրյա ազդեցության գործակալական ցանց։
Բայց դուք չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է ու կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 17 հոդվածի պահանջը՝ «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։
Ինչի՞ մասին է էս դատը։ Հայ Առաքելական եկեղեցու կառույցները զուտ եկեղեցական ընթացակարգով (ո՛չ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով կամ այլ իրավական նորմով) կարգալույծ են արել եպիսկոպոս Գեւորգ Սարոյանին։
Դրանից հետո ինչ-որ դատավոր որոշում է կայացրել կասեցնել էդ զուտ եկեղեցական որոշման կիրառությունը, եւ ՀԱԵ ղեկավարները, համարելով դա եկեղեցու գործերին անիրավաչափ միջամտություն, անտեսել են որոշումը։ Այնուհետեւ դատախազությունը քրեական վարույթ է հարուցել՝ դատարանի որոշումը չկատարելու հիմքով։ Ու էս ամենն ուղեկցվել է խնդրի վերաբերյալ երկրի ղեկավարի վերաբերմունքի անթաքույց ու ագրեսիվ դրսեւորումներով եւ ուղղորդող հայտարարություններով։ Եթե էս ամենը տեղի ունենար որեւէ այլ կրոնական կազմակերպության հանդեպ, պատկերացնում եմ, թե ինչ միջազգային աղմուկ էր բարձրանալու։ Հուսով եմ, այս դեպքն էլ պատշաճ արձագանք կունենա իրավապաշտպան հանրության կողմից։
Որովհետեւ իրավապաշտպան գործունեությունը ենթադրում է, որ պետք է գնահատվեն իրավունքի ու ժողովրդավարական ազատությունների հանդեպ ԲՈԼՈՐ ոտնձգությունները։ Հակառակ պարագայում քաղհասարակությունը կդառնա քաղաքական նպատակահարմարության աղախինը»:
