Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին
Թեհրանն ի գիտություն Պարսից ծոցի երկրների հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների դեպքում իրանցի զինվորականները կգրոհեն տարածաշրջանի էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը։
Ըստ հրապարակման՝ քննարկումներին ծանոթ տարածաշրջանային պաշտոնյայի խոսքով՝ Իրանը Պարսից ծոցի երկրներին հայտնել է, որ ԱՄՆ-ի գրոհների վերսկսումը կհանգեցնի տարածաշրջանի էներգետիկ օբյեկտների և աղազրկման կայանների ուղղությամբ պատասխան հարվածների։
CNN-ը պարզաբանում է, որ չնայած տարածաշրջանի մի շարք երկրներ պաշտպանության հարցում հույսը դնում են ԱՄՆ-ի սպառազինությունների համակարգերի վրա, սակայն ավելի ու ավելի հաճախ են տեղեկություններ հայտնվում ամերիկյան զինամթերքի սպառվելու մասին։
Հեռուստաալիքը նշում է, որ ըստ տարբեր պաշտոնատար անձանց՝ Պարսից ծոցի պետությունների ղեկավարները խոստովանել են, որ զինամթերքի պակասը կարող է նվազեցնել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու իրենց հնարավորությունները։
Օրերս Թրամփը մի քանի անգամ հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ում զինամթերքի պակաս կա։ Նրա խոսքով՝ երկիրը զինամթերքի հսկայական պաշարներ ունի։
