Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Իտալիան շարունակում է մնալ աֆրիկյան շոգի ազդեցության տակ։ 25 քաղաքներում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ, ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Մինչև օգոստոսի 8-ը Իտալիայում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, և շոգի ալիքը թուլանալու որևէ նշան ցույց չի տալիս։ Առողջապահության նախարարությունը զգուշացրել է մարդկանց առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, որը վերաբերում է ոչ միայն խոցելի խմբերին, այլև ողջ բնակչությանը։
Ցուցակում չեն ընդգրկվել միայն Մեսինան և Ռեջիո դի Կալաբրիան, մինչդեռ երկրի մնացած հատվածը շարունակում է պայքարել անոմալ բարձր ջերմաստիճանի և խեղդող շոգի դեմ։ Միաժամանակ Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը «դեղին» մակարդակի նախազգուշացում է հրապարակել Աբրուցոյի, Ումբրիայի և Սիցիլիայի որոշ հատվածներում՝ ամպրոպների վտանգի պատճառով, թեև եղանակային ընդհանուր պատկերում շարունակելու է գերիշխել աֆրիկյան անտիցիկլոնը։
