Ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել․ «Փաստինֆո»
Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, 2025թ․ ապրիլի 17-ին հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Քալաշյանին չորս անձի սպանության համար և դատապարտելով ցմահ ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատավճիռը, վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։
Նշենք, որ Թելման Քալաշյանն այս ութ տարիների ընթացքում այդպես էլ չի զղջացել կատարվածի համար, ավելին՝ առ այս պահը պարբերաբար բարձրաձայնում է գումարային պահանջների մասին։ Ավելին, տուժող կողմը մտահոգություն ուներ, որ պաշտպանության կողմը փորձում է առաջին ատյանի դատարանում ձգձգել գործի քննությունն այնքան ժամանակ, քանի դեռ դատավորի լիազորությունները՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, և գործն ութ տարի տևած քննությունից հետո կվերսկսվի զրոյից, այդուհանդերձ, դատավորը հասցրեց ավարտել գործի քննությունը և հրապարակել վճիռը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում։ Թելման
Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է չորս անձ, այդ թվում՝ ՌԴ-ից եկած Օզմանյան եղբայրները, որոնցից մեկը՝ Ամրոն, քրեական հեղինակություն էր, ևս յոթ անձ ստացել էր մարմնական վնասվածքներ։
Ի սկզբանե մամուլում շրջանառության մեջ էր դրվել վենդետայի վարկածը, համաձայն որի՝ Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար։ Այդուհանդերձ, քննության առաջ քաշած վարկածն այլ էր։ Ըստ քրեական գործի՝ 2012-2013 թվականների ընթացքում, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, իր բարեկամի խնդրանքով պարտքով՝ տոկոսով, 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Քյարամյան եղբայրներին:
Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները մաս-մաս վերադարձրել են 45.200 ԱՄՆ դոլարը, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են պարտատիրոջը: Վերջինս, չընդունելով ներկայացված պատճառաբանությունները, պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ միջնորդին՝ ակնկալելով նրանց միջամտությունը գումարը, տոկոսադրույքների հետ մասին, հետ ստանալու հարցում: 2017 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Թելման Քալաշյանը Հերթական անգամ գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել միջնորդի՝ Գերման Քյարամյանի հետ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Քյարամյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին:
Քրեական գործի տվյալներով՝ դեպքի վայրից փախուստի դիմելու հարցում Թելման Քալաշյանին օժանդակել է նրա հորեղբայրը, որը ևս ամբաստանյալի աթոռին էր որպես պարտակող։ Քալաշյանների գործը դատարանում է 2018թ հունվարի 19-ից։ Հետագայում Քյարամ Քալաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման հիմքով։
