Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում սրացման վտանգի և ավիահաղորդակցության հնարավոր խափանումների մասին
Ամմանում ԱՄՆ դեսպանատունն օգոստոսի 1-ին անվտանգության վերաբերյալ նախազգուշացում է տարածել Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անանխատեսելի էսկալացիայի» հավանականության պատճառով։
Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, պատրաստ լինել չվերթերի չեղարկումներին, օդային տարածքի ժամանակավոր փակմանը և ճանապարհորդական խափանումներին։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ որոշ ավիաընկերություններ հետաձգել են նախկին երթուղիների վերականգնումը, իսկ մյուսները չեղարկել են առանձին չվերթեր։
Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել են «լրջորեն վերանայել» տարածաշրջան կամ դրա տարանցմամբ ուղևորությունների ծրագրերը։ Նրանց, ովքեր, այնուամենայնիվ, ճանապարհորդում են, խորհուրդ է տրվում հետևել օդանավակայաններում և ավիափոխադրողների մոտ տիրող իրավիճակին։
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական օբյեկտները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, ենթարկվել են հարձակումների։ Դեսպանատնից նախազգուշացրել են, որ Իրանն ու նրա հետ կապված խմբավորումները կարող են սպառնալ արտերկրում գտնվող ամերիկյան այլ օբյեկտներիn (ներառյալ ընկերությունները, հաստատությունները և ԱՄՆ քաղաքացիների հետ կապված վայրերը)։
Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը անկայուն է մնում, իսկ իրանական ղեկավարության գործողությունները «դժվար է կանխատեսել»։ Որպես օրինակ՝ դեսպանատանը նշել են տարածաշրջանի օբյեկտներին հասցված վերջին հարվածները, այդ թվում՝ այն տարածքներին, որոնք նախկինում որպես թիրախ չէին դիտարկվում։
Հորդանանում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվել խուսափել երկրի ռազմական օբյեկտներ այցելությունից, չմասնակցել ցույցերի ու զանգվածային հավաքների, հեռու մնալ ոստիկանության ուժեղացված ներկայություն ունեցող վայրերից և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։
Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել զգոնություն պահպանել ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտների մոտ, հետևել տեղական ԶԼՄ-ներին և գրանցվել Պետդեպարտամենտի Smart Traveler Enrollment Program (STEP) ծրագրում, որը թույլ է տալիս անվտանգության վերաբերյալ թարմացումներ և օգնություն ստանալ արտակարգ իրավիճակներում։
