Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն
Վաղը կմեկնարկի նոր խորհրդարանի աշխատանքը։ Այդ առնչությամբ շարունակվում են ընդդիմության՝ խորհրդարան գնալու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկումները, այն տրամաբանությամբ, թե գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Ես բազմիցս արտահայտվել եմ այն կապակցությամբ, թե արդյո՞ք նպատակահարմար է վերցնել մանդատներն ու գնալ խորհրդարան։ Այս կապակցությամբ արել եմ բազմաթիվ հանգամանալից անդրադարձեր եւ նոր ասելիք, այս պահին, կարծում եմ՝ չկա, եղածը գոնե առայժմ բավարար է։
Միայն ավելորդ չեմ համարում անդրադառնալ հետեւյալ ձեւակերպմանը, թե գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Հարգարժա՛ն ընկերներ, ախր այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ։ Այդ խորհրդարանը Հայաստանինն է։ Այո՛, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կառավարող ուժ է՝ օրինական, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, սա որեւէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ խորհրդարանը Հայաստանինն է, Հայաստանի քաղաքացիներինը։ Հետեւաբար, այդ խորհրդարանում որեւէ մեկը ընդդիմություն է Հայաստանի քաղաքացիների համար։
Եթե համարում եք, որ քաղաքացիներն ընդդիմությանը ձայն են տվել պարզապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ ոչ թե խորհրդարանական ընդդիմություն լինելու, ապա այդտեղ արդեն գնահատողը հենց նույն քաղաքացիներն են, որոնք էլ կգնահատեն ընդդիմության աշխատանքը, որի առումով խորհրդարանը լինելու է ընդամենը մի մասը։
Ըստ այդմ, երբ անընդհատ ասվում է, թե՝ գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, երբեւէ մտածե՞լ եք, որ, եթե Հայաստանի Հանրապետության խորհրդարանը համարում եք Փաշինյանի մոտ աշխատանք, Հայաստանի Հանրապետությունն էլ համարում եք ուրեմն Փաշինյանի մոտ «տնվորությո՞ւն», որովհետեւ, եթե պետական ինստիտուտը նրա «մոտ աշխատանք» է, ապա ստացվում է, որ այդ պետությունն էլ նրա «տունն» է, որտեղ մենք «վարձակալ» ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք ասում, որ պետք չէ «ապրել Փաշինյանի մոտ»։
Եվ իհարկե շատ ճիշտ եք անում, որովհետեւ Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն։ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է։ Պարզապես պետք է նաեւ ամրագրել, որ այդ պետության կառվարման ինստիտուտներն էլ ՀՀ քաղաքացիների ինստիտուտներն են։ Ուրեմն, պետք է օգտագործել այդ ինստիտուտները ի շահ ՀՀ քաղաքացիների։ Հենց այդ՝ առավելագույնս արդյունավետ օգտագործելու պահանջ ու սպասում է, որ պետք է լինի ընդդիմությունից, այլ ոչ թե այդ ինստիտուտներն ուղղակի, թե անուղղակի, բայց իշխանությանը «հանձնող» ձեւակերպումներ տարածելը։ Սա իմ համեստ կարծիքն է»։
