Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին
Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում պայթեցրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք, նրանց տվյալների համաձայն, օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի շիա շարժման զինված ջոկատների կողմից։ Բոֆոր լեռնաշղթայի շրջանում գտնվող օբյեկտները պայթեցնելու համար օգտագործվել է շուրջ 700 տոննա պայթանյութ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ թունելները գտնվում են 12-րդ դարում հիմնադրված Բոֆոր ամրոցի ավերակների մոտ։
«Թունելները պայթեցվել են մոտավորապես 700 տոննա պայթանյութով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ողջ ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու սիստեմատիկ գործունեության ընթացքում», – ասվում է տեքստում։
Ըստ իսրայելական կողմի վարկածի, թունելների պայթեցման գործողությունն անցկացվել է «Հեզբոլլահ»-ի ջոկատների կողմից «հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտումից» հետո։
«Իսրայել պետությունը չի հանդուրժի հրադադարի համաձայնագրի որևէ խախտում: «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի պաշտպանության բանակի ուժերին կամ Իսրայելի քաղաքացիներին վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական և հզոր պատասխանի», – նշված է Նեթանյահուի և Կացի հայտարարության մեջ։
