Իրանը հարվածել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազային
Իրանի զինված ուժերը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների, հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Շեյխ Իսա» ռազմաբազային։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հինգշաբթի գիշերը ամերիկյան ուժերը նոր հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ՝ թիրախավորելով տասնյակ օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններ, հրթիռային և անօդաչու համակարգերի օբյեկտներ, ափամերձ դիտարկման և պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծովային ենթակառուցվածքներ։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում տեղակայված ԱՄՆ զինուժի էլեկտրագեներատորներին, նավիգացիոն համակարգերին, ինչպես նաև վարչական և օժանդակ ենթակառուցվածքներին։
Իրանական պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը ձեռք բերված հրադադարը այլևս չի գործում։ Դրանից հետո ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։
