Չեռնոգորիան գրեթե ամբողջությամբ կատարել է ԵՄ-ին անդամակցելու պայմանները․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Չեռնոգորիան հիմնականում կատարել է Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները և պնդել, որ երկիրը պետք է համայնքի անդամ դառնա «մինչև տասնամյակի վերջ»։
«Չեռնոգորիան արդեն այն փուլում է, երբ պատրաստ է անդամակցությանը։ Այն հիմնականում կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները», - Դուբլինում Իրլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Մերցը։ Հեռարձակումն իրականացնում էր Phoenix հեռուստաալիքը։ Ընդ որում, նա նշել է, որ Եվրամիությունը 13 տարի նոր անդամներ չի ընդունել։
«Ընդ որում, մենք միշտ հայտարարել ենք, որ Եվրամիությունը բաց է եվրոպական այն պետությունների համար, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին՝ Կոպենհագենյան չափանիշներին։ Չեռնոգորիան համապատասխանում է դրանց։ Այդ դեպքում Եվրոպական միությունը պարտավոր է տեր կանգնել իր խոսքին։ Մենք չենք կարող երկիրն ուղարկել «սպասման ռեժիմ» միայն այն պատճառով, որ մյուս պետությունները դրան դեռևս պատրաստ չեն», - պնդել է ԳՖՀ կանցլերը։
Նա ընдգծել է, որ այս հարցը քննարկվելու է Եվրոպական միության ներսում՝ Եվրոպական խորհրդի նիստում։ Դրա համար, Մերցի խոսքով, պահանջվում է միաձայն որոշում։ «Մենք չպետք է հետաձգենք Չեռնոգորիայի անդամակցությունը՝ դիտարկելով այն որպես այլ երկրների հետ փաթեթային համաձայնագրի մաս։ Չեռնոգորիան պետք է դառնա Եվրոպական միության անդամ մինչև տասնամյակի վերջ», - պնդել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը հայտարարել էր, որ երկրի իշխանությունների նպատակն է մինչև 2028 թվականը ստանալ ԵՄ անդամի կարգավիճակ։ Ապրիլի 22-ին Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում էր ընդունել Չեռնոգորիայի՝ միավորման կազմ մտնելու պայմանագրի մշակման հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
