Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
Հուլիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, վերջինս ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
