Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թիրախավորել է Բահրեյնում գտնվող ամերիկյան Amazon ընկերությանը պատկանող տվյալների կենտրոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ոչ՛ Amazon-ը, ո՛չ էլ Բահրեյնի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։
Բահրեյնի պաշտպանական ուժերը հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը կասեցրել են իրանական մի քանի հարձակումներ։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քուվեյթը նույնպես դարձել է հարվածների ալիքի թիրախ։
Քուվեյթի բանակը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունն ակտիվորեն որսում է իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները։
Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ արկեր է արձակել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի ուղղությամբ, որն օգտագործվում է ԱՄՆ ուժերի կողմից։
Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ իրանական կործանիչները հարվածել են Քուվեյթի ալ-Ուդայրիում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի և սարքավորումների պահեստների՝ հրկիզելով և ոչնչացնելով դրանք։
Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները հարձակումներ է սկսել Իրանի տարբեր շրջանների, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների վրա՝ չնայած երկու երկրների միջև հունիսի 18-ին կնքված հրադադարի հուշագրին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարձակումները վերսկսում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերին հարվածների պատճառով։ Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։
