Ամենայն Հայոց Կաթողիկոսին մինչև այս պահը չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մինչև այս պահը խորհրդարանից հրավեր չեն ուղարկել՝ ԱԺ անդրանիկ նիստին մասնակցելու և այն օրհնելու համար։ Այս մասին 24News-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդրանիկ նիստին ամրագրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածում.
«Առաջին նստաշրջանի անցկացումը․
1.Առաջին նստաշրջանի նիստերը բացում և, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նախագահում է տարիքով ավագ պատգամավորը։
2.Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»։
24News-ը փորձեց կապ հաստատել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հետ՝ ճշտելու, թե հրավեր ուղարկե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են ուղարկել, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգը։
Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։
Մերի Մանուկյան
