ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման գործում կառուցողական դեր խաղալ, և միակ երկիրն է, որ կարող է ստանձնել այդ դերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։
«Միացյալ Նահանգները մնում է բաց՝ կառուցողական դեր խաղալու այդ պատերազմի դադարեցման գործում, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք գտնում ենք, որ այս պահին, և կարծում եմ՝ ռուսական կողմը կհամաձայնի մեզ հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ունակ է խաղալու այդ դերը՝ դադարեցնելու այն (հակամարտությունը)», – ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է APT հեռարձակող ընկերությունը։
Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար՝ համաձայնության հասնելու այլ թեմաների շուրջ։
Ռուբիոն հաստատել է հուլիսի 23-ի իր հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ քննարկման օրակարգում կլինի Ուկրաինան։
