Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Օմանի ափերի մոտ հունական «Dynacom Tankers» ընկերության երկու նավթատար հուլիսի 20-ին հարվածների են ենթարկվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ Մալթայի դրոշով նավարկող «Kavomaleas» նավթատարին երկու արկ է հարվածել, ինչի հետևանքով շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել։
Նավապետը որոշել է տարհանել անձնակազմին։ Բոլոր նավաստիները անվտանգ տեղափոխվել են ափ։ Արկի հարվածի է ենթարկվել նաև Լիբերիայի դրոշով նավարկող «Acheloos» նավթատարը, որը կարող է տեղափոխել շուրջ երկու միլիոն բարել նավթ։ Անձնակազմն անվտանգ է, նավը տեղափոխվել է խարիսխի վայր՝ վնասների գնահատման համար։
Երկու նավերն էլ անցնում էին Հորմուզի նեղուցի հարավային միջանցքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկու նավթատար պայթել և անշարժացել են այդ երթուղով անցնելու ժամանակ։
