Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։

Օրը մեկնարկեց միասնական աղոթքով, որը մասնակիցներին համախմբեց մեկ ընդհանուր հոգևոր մթնոլորտում։ Այնուհետև երիտասարդները ներգրավվեցին ծանոթության, համագործակցության և թիմային ոգու ամրապնդմանն ուղղված ինտերակտիվ խաղերում, ինչն օգնեց ստեղծել անմիջական ու ջերմ միջավայր։

«Երիտասարդ եկեղեցի» թեմայի շուրջ ծավալվեց բաց ու արդյունավետ քննարկում՝ նվիրված եկեղեցական կյանքում երիտասարդների դերին, մասնակցությանն ու ներգրավվածության հնարավորություններին։ Այս համատեքստում, սահմանված ձևաչափով, իրականացվեց նաև մասնակիցների կարիքների ու առաջարկների հավաքագրում։

Ծրագիրը շարունակվեց թեմատիկ տեսանյութի համատեղ դիտմամբ, որը նոր խորհրդածությունների ու գաղափարների առիթ տվեց։ Ընդառաջ Դվինի հովվության խնդրանքի` երիտասարդներին այցելեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան Հայրը, անդրադառնալով «Երիտասարդ եկեղեցի» թեմային, իր խոսքում մասնավորապես նշեց.

«Սիրելի՛ երիտասարդներ Մասյացոտնի տիրախնամ թեմի,

Այս հանդիպման խորհրդածության առանցքում Ավետարանի մի կարճ, բայց անչափ խորիմաստ խոսք է. «Մարիամը վեր կացավ և շտապ գնաց…» (Ղուկ. Ա 39)։ Այս երկու բայերը՝ «վեր կացավ» և «շտապ գնաց», կարող են դառնալ մեր երիտասարդական շարժման ամբողջ ծրագրի խտացումը։ Ավետարանի լեզվով «վեր կենալը» պարզապես տեղից բարձրանալը չէ։ Դա ներքին արթնացումն է, հոգևոր նորոգությունը, հարության կյանքին մասնակցելու առաջին քայլը։ Այն մարդու ներսում տեղի ունեցող անցումն է՝ վախից դեպի վստահություն, ինքնամփոփումից դեպի սիրո հաղորդակցություն, անտարբերությունից դեպի առաքելություն։ Իսկ «շտապ գնալը» վկայում է, որ Աստծուն հանդիպած մարդն այլևս չի ապրում միայն իր համար. նա շտապում է այնտեղ, որտեղ իր ներկայությունը կարող է դառնալ օրհնություն, մխիթարություն և կյանքի վկայություն։ Մարիամը կարող էր մտածել միայն իր մասին։ Նրա կյանքը մեկ ակնթարթում փոխվել էր։ Սակայն նա չփակվեց իր մտահոգությունների մեջ։ Նա վստահեց Աստծուն և ճանապարհ ընկավ ծառայելու։

Սիրելի՛ երիտասարդներ,

Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, որոնք չեն ապրում միայն սոցիալական ցանցերի «հավանումներով», այլ ձգտում են իրական հանդիպման, իրական ընկերության, իրական ծառայության։

«Ջահակիր» անունը պատահական չէ ընտրված։ Ջահը երբեք ինքնանպատակ չի վառվում։ Այն լուսավորում է ուրիշների ճանապարհը։ Դուք կոչված եք լինելու Քրիստոսի լույսի ջահակիրները՝ ձեր ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում և ձեր համայնքներում։

Սակայն հիշե՛ք. պարզապես մի նոր կազմակերպություն չէ, որ ստեղծվում է։ Ձևավորվում է շարժում՝ երիտասարդների համայնք, որը կապրի Սուրբ Հոգու առաջնորդությամբ, կներշնչվի Սուրբ Գրքից, կսնվի Սուրբ Պատարագից՝ ի խնդիր ծառայության մեր համբուրելի եկեղեցուն ու մեր սիրասուն հայրենիքին։

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի։ Այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից, ձեր ընտրությունից, ձեր նվիրումից։ Մեր տեսլականն է, որ «Ջահակիր» երիտասարդական շարժման միջոցով Մասյացոտնի թեմի յուրաքանչյուր հովվություն դառնա կենդանի հավատքի ընտանիք, որտեղ երիտասարդը ոչ միայն կընդունվի, այլև կաճի Քրիստոսի ճանաչողության մեջ, կծառայի և կբացահայտի իր կոչումը։

Երիտասարդական ձեր միությունները թող լինեն այնպիսի վայրեր, որտեղ ոչ ոք իրեն անտեսված կամ միայնակ չի զգա, որտեղ ամեն երիտասարդ կկարողանա բացահայտել Աստծուց ստացած իր պարգևը և այն ծառայեցնել եկեղեցու և հայրենիքի շենացմանը։ Մի՛ մոռացեք՝ աշխարհն այսօր առավել քան երբևէ կարիք ունի ոչ թե բարձր ձայների, այլ լուսավոր կյանքերի։ Մարդիկ ավելի շուտ կհավատան ձեր ապրած Ավետարանին, քան ձեր արտասանած խոսքերին։ Ուստի նախ դուք եղե՛ք այն լույսը, որը ցանկանում եք փոխանցել ուրիշներին։

Սիրելի՛ երիտասարդներ,

Վեր կենալու և շտապելու ժամանակը հիմա է։ Մեր ժողովրդի, մեր եկեղեցու և մեր հայրենիքի լուսավոր ապագան մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ձեր երիտասարդությունը ինչպիսի խորը հավատքով, մաքրությամբ և հանձնառությամբ կապրեք։

«Ջահակիր» անունը թող լինի ոչ միայն ձեր շարժման անվանումը, այլև ձեր ինքնության դրոշմը։ Կրե՛ք ձեր սրտերում Քրիստոսի լույսը և տարե՛ք այնտեղ, որտեղ տիրապետում է խավարը, հուսահատությունը, պառակտման ավերը։ Դեռատի Աստվածամոր նման վեր կացե՛ք և շտապե՛ք՝ Քրիստոսին տանելով մարդկանց, և մարդկանց բերելով Քրիստոսի մոտ։

Թող Տերն օրհնի ձեր ճանապարհը, Սուրբ Հոգին առաջնորդի ձեր քայլերը, իսկ Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը պահապան լինի «Ջահակիր» երիտասարդական շարժման յուրաքանչյուր անդամի և Մասյացոտնի թեմի բոլոր երիտասարդներին։

Աստված թող շնորհազարդի ձեր կյանքն ու առաքելությունը»։

Քննարկումների փուլն ավարտվեց նոր առաջարկների արձանագրմամբ և հաջորդ հանդիպման պլանավորմամբ։

–00—ՅՄ

դիտվել է 86 անգամ
Լրահոս
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am