Իրանը հայտնել է հունիսի 27-ից ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 50 զոհի և 500-ից ավելի վիրավորի մասին
Վերջին շաբաթների ընթացքում Իրանի տարածքին ԱՄՆ զինված ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50, վիրավորվել՝ ոչ պակաս քան 500 իրանցի։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը։
«Հունիսի 27-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ավիահարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ վիրավորվել է, իսկ 50-ը՝ զոհվել։ Զոհվածների թվում կա 5 կին և 18-ից ցածր տարիքի 2 երեխա ու դեռահաս։ Վիրավորների թվում կա 32 կին և 18 երեխա ու դեռահաս»,- գրել է նա X-ում։
Քերմանփուրի խոսքով՝ ներկայումս 460 տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 37 մարդ դեռևս շարունակում է ստացիոնար բուժումը։
ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը Իրանի տարածքին մի շարք ավիահարվածներ են հասցրել՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում տեղակայված ԱՄՆ օբյեկտներին։
