Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
