Հայաստանը լիարժեք կատարել է հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից միայն 6-ը. GRECO-ի ուշագրավ արձանագրումները
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հնգերորդ փուլի համապատասխանության առաջին զեկույցը, որն անդրադառնում է բարձրագույն գործադիր մարմիններում և իրավապահ համակարգում կոռուպցիայի կանխարգելմանն ու բարեվարքության ամրապնդմանը: Ներկայացված զեկույցի առանցքային արձանագրումն այն է, որ Հայաստանի իշխանություններին ուղղված քսաներկու հանձնարարականներից լիարժեք կամ բավարար չափով կատարվել է միայն վեցը: Մնացած առաջարկություններից տասնհինգը կատարվել են մասնակիորեն, իսկ մեկ հանձնարարական գնահատվել է ամբողջությամբ չկատարված: Այն վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որին, ըստ զեկույցի, չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ ազդարարների պաշտպանության կարևորագույն գործառույթն արդյունավետ իրականացնելու համար:
Բարձրաստիճան պաշտոնյաների և կառավարության անդամների մասով առաջընթացը գնահատվել է ծայրահեղ թույլ, քանի որ այս ոլորտին վերաբերող տասնմեկ հանձնարարականներից կատարվել է միայն մեկը: Միակ լիարժեք լուծված հարցը վերաբերում է չվարձատրվող խորհրդականների կարգավիճակի հստակեցմանը, որոնց վրա այժմ տարածվում են վարքագծի, շահերի բախման և գույքի հայտարարագրման նույն պահանջները, ինչ հանրային պաշտոնյաների դեպքում: Մյուս բոլոր կարևոր ուղղություններով, այդ թվում՝ լոբբիստական գործունեության կանոնակարգման, պաշտոնից հեռանալուց հետո սահմանափակումների կիրառման և որոշումների կայացման հանրային մասնակցության ապահովման հարցերում Հայաստանը դեռևս թերանում է:
Համեմատաբար ավելի դրական պատկեր է արձանագրվել ոստիկանության համակարգում, որտեղ տասնմեկ հանձնարարականներից հինգն արդեն իսկ բավարար չափով կատարված են համարվել: Որպես առաջընթաց մատնանշվել է հակակոռուպցիոն ծրագրի ընդունումը, թափանցիկության բարձրացումը և անձնակազմի պարբերական վերապատրաստումները:
Այդուհանդերձ, իրավապահ համակարգում նույնպես լուրջ անելիքներ կան, մասնավորապես՝ կին ծառայողների ներկայացվածության ավելացման, բարեվարքության ստուգումների խստացման և ծառայության դադարեցումից հետո այլ աշխատանքի անցնելու սահմանափակումների ներդրման հարցերում: Ստեղծված իրավիճակում Հայաստանն այժմ ունի տասնութ ամիս ժամանակ, որպեսզի միջազգային կառույցին ներկայացնի նոր հաշվետվություն՝ թերացումները շտկելու և կիսատ մնացած հանձնարարականները կյանքի կոչելու վերաբերյալ:
