Ադրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է
Երեկ գրառում էի արել ու հարց տվել պատմության նշանակության մասին։ Ստորև ուզում եմ ընդամենը մեկ օրինակ բերել Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում հենց այսօր հրամցվող կեղծված պատմությունից․․․
Սա հատված է այդ թեմայով դեռ մեկ տարի առաջ իմ կողմից արված հետազոտությունից, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հատկանշական է, որ ադրբեջանցի դպրոցականները պատմություն ուսումնասիրել սկսում են արդեն 5-րդ դասարանից։ 2024 թվականի դասագրքի 110-րդ էջում գրված է.
«Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»:
Կարճ ասեմ՝ սա կոչվում է ադրբեջանական պետական զավթողական ծրագրի ներառում կրթական համակարգում։ Մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իր հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն է»։
Դե հիմա ասեք՝ ես էլ ինչպե՞ս բացատրեմ այս թեմայի լրջությունը ու այն քաղաքական մեթոդներով փակելու հրատապությունը մեր հանրային ու քաղաքական շրջանակների համար․․.»,-գրել է Հայրապետյանը։
