«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն այսուհետ կվերահսկի Հորմուզի նեղուցը և այնտեղով անցնող նավերի անվտանգությունն ապահովելու համար կգանձի տեղափոխվող բեռի արժեքի 20 տոկոսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին X սոցիալական հարթակում գրառման մեջ համաձայնել է Թրամփի հետ այն հարցում, որ Հորմուզի նեղուցով անցման համար պետք է վճար գանձվի։
«ԱՄՆ նախագահը միանգամայն ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ և ապահով անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցվի այս ծառայության համար։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ։ 20%-ն, իհարկե, չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք», – գրել է Արաղչին։
Ավելի վաղ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա։ Նա նաև հայտնել էր իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսելու մասին։ Թրամփի խոսքով՝ մյուս բոլոր երկրները կարող են ազատորեն օգտագործել նեղուցը։
«Այս պահից ի վեր ԱՄՆ-ն կլինի Հորմուզի նեղուցի պահապանը», – հայտարարել էր Թրամփը՝ հավելելով, որ անվտանգության ծախսերը փակելու համար նավերն ԱՄՆ-ին պետք է վճարեն փոխադրվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով գումար։
