Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավում. ինչ է սպասվում
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Վարդանյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենինան։
Նշենք, որ Ծառուկյանի ընտանի կենդանիների առգրավման մասին հայտնի դարձավ հուլիսի 13-ին։
«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- նշեց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ Ծառուկյանի առանձնատանը կա 11 ձի և 1 պոնի, որոնք իրենց ծանոթ միջավայրում են գտնվում, հատուկ խնամքի կարիք ունեն ու տեղափոխման դեպքում կարող են վնաս կրել։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք մտավախություն չկա, որ այս կենդանիներն էլ կարող են արժանանալ առյուծներից մեկի ճակատագրին, որը սատկեց, քանի որ կենդանաբանական այգի տանելու համար քնեցրել էին, Վարդանյանը շեշտեց, որ վարութային գործողությունները սկսելուց առաջ վարույթ իրականացնող մարմնին առաջարկել և միջնորդել են կենդանիներին ճանաչել որպես իրեղեն ապացույց ու ի պահ հանձնել իրենց, բայց ՔԿ-ն, այնուամենայնիվ, որոշել է տեղափոխել Կենդանաբանական այգի։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՔԿ-ն հայտնեց, որ Ծառուկյանի առանձնատան տարածքում կատարած խուզարկություններից հետո Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխել 3 առյուծ և 1 վագր։ Մինչդեռ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը հայտնել էր, որ այգի է տեղափոխվել 3 առյուծ և 4 վագր։ Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը սատկել է, իսկ մյուս կենդանիները գտնվում են կարանտինային գոտում։ ՔԿ-ն էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա է են դարձնելու այն նույն քրեական վարույթով, որով կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել։
