«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվում է համապատասխան հանձնաժողովների շրջանակում եւ կրում է շարունակական բնույթ։ «Այս աշխատանքը կանոնավոր կերպով շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել դրա առաջին դրական արդյունքներին. պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված արդեն սահմանազատվել է»,- նշել է նա։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ կողմերի միջեւ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ հետագա փուլերում քննարկման առարկա կդառնան նաեւ «էքսկլավային գյուղերի» հետ կապված հարցերը։
Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տիգրանաշենի եւ Արծվաշենի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակում։ Նրա խոսքերով՝ սահմանազատումն իրականացվում է այն քարտեզների հիման վրա, որոնցում նշված են նաեւ այդ տարածքները, եւ հնարավոր չէ դրանք պարզապես անտեսել կամ դուրս թողնել գործընթացից։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը չի համապատասխանի Հայաստանի շահերին։ Սակայն այս հայտարարությունից հետո սահմանազատման շարունակության վերաբերյալ հայաստանցիների անորոշությունն ու անհանգստությունը չփարատվեցին։
2024 թ․ գարնանը Տավուշում իրականացված սահմանազատումն ապօրինի գործընթաց էր, քանի որ անգամ սահմանազատման կարգը մինչ այդ չէր ընդունվել, եւ պարզ չէր, թե ինչ քարտեզով են առաջնորդվում կողմերը, երբ հայտարարում են՝ այս հատվածը պատկանում է Ադրբեջանին եւ պետք է հանձնվի տիրոջը: Բայց գործընթացն արագությամբ իրականացվեց, եւ միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված, այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանց գյուղի սեփականատերերին պատկանող 58 անշարժ գույք՝ ընդհանուր 15 հեկտար հող, Բերքաբեր գյուղի մոտակա հենակետերը, Կիրանց-Ոսկեպար հատվածում գտնվող՝ շուրջ 30 տարի հայկական ամրացված բարձրադիր պաշտպանական դիրքերը։
Հիմա Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտնում է, որ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման կետից: Այդ կետը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի «Ղիասի քար» տարածքի մոտ է, այսինքն՝ սահմանազատման շարունակությունը մեկնարկելու է Տավուշի մարզից: Նախկինում մենք անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնք առաջանալու են ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպար) գյուղի տարածքը սահմանազատումով Ադրբեջանին հանձնելու դեպքում։ Նման խնդիրներ լինելու են նաեւ Իջեւան համայնքի տարածքում, Ազատամուտ-Կայան ավտոճանապարհի երկու կողմում գտնվող նախկին անկլավների՝ Բարխուդարլուի եւ Սոֆուլուի հանձնումով։
Իջեւան համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լեւոն Գրիգորյանն ասաց, որ անտեղյակ է սահմանազատման շարունակությունից, սակայն իրենց գյուղի շատ մեծ մակերեսով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանին հարցրինք՝ տեղյա՞կ է, որ գլոբալ տեղորոշման GPS համակարգով Ազատամուտ գյուղի որոշ հատվածներ արդեն ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ: Նա ասաց, որ GPS-ն առաջնորդվում է Googl-ի քարտեզներով, որոնք պաշտոնական չեն, հավաստի չեն։ Բայց մենք գիտենք, որ դրանցով են հաճախ առաջնորդվում սահմանազատում անողները: Ա․ Չոբանյանը հայտնեց, որ Ազատամուտում տարածքներ կան, որտեղ պետական աջակցությամբ, վարկային միջոցներով,16 միլիոն դրամ արժեքով առանձնատներ են կառուցել ազատամուտցիները, GPS համակարգը հիմա դրանք ցույց է տալիս որպես Ադրբեջանի տարածք, սակայն դա Ազատամուտ գյուղի տարածքն է եւ Ազատամուտի հատակագծում է նշված։
Մեկ անգամ էլ շեշտենք, որ Սոֆուլու եւ Բարխուդարլու անկլավների տարածքներն Ադրբեջանին հանձնելու դեպքում խնդիրներ են առաջանալու Իջեւան-Բերդ տրանսպորտային հաղորդակցության համար։ Շահագործման հանձնված Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհը միայն մասամբ կարող է լուծել այդ խնդիրը։ Սակայն Սոֆուլուի եւ Բարխուդարլուի տարածքների հանձնումով Իջեւան համայնքի Կայան, Այգեհովիտ, Վազաշեն եւ Բերդ համայնքի Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան բնակավայրերը կարող են որոշակիորեն մեկուսանալ արտաքին աշխարհից, կտրվել տրանսպորտային ուղիներից։ Այնպես, ինչպես եղավ Սյունիքի գյուղերի հետ, երբ Գորիս-Կապան մայրուղում 21 կիլոմետրանոց մի հատված հանձնվեց Ադրբեջանին:
«Հրապարակ օրաթերթ»
