Պարզվել է, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը,դրա համար էլ թանկացավ,բացահայտում Ջավադյանից
«Ի՞նչ մեթոդաբանությամբ է 2017 թվականի համար 2.6 տոկոս գնաճ ստացվել: Սերուցքային կարագ գինն աճել է 41 տոկոսով, խոզի բուդ՝ 38 տոկոսով, խոզի միս՝ 36 տոկոսով, լոլիկ 31 տոկոսով, գառան միս՝ 28 տոկոսով, կարտոֆիլ՝ 28 տոկոսով: Նվազել են` խառը կանաչի` 48 տոկոս, խնձոր`30, սխտոր՝ 22.2, հնդկացորեն՝ 21.9, կանաչ սոխ՝ 18.2 տաքդեղ՝ 12.1»,-ԱԺ_ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումների ժամանակ հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Մենք ճի՞շտ ենք հասկանում, որ կշեռքի մի նժարին դրել եք թանկացումները, մյուս նժարին` էժանացումը, և ստացվել է այդ թիվը»,-հարցրեց Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: «ԱՎԾ-ն հաշվարկներն անում է միջազգային ծառայությունների մեթոդներով:Մեզ մոտ հաշվել են այնպես, ինչպես դա արվում է այլ երկրներում»,- ասաց Ջավադյանը: Ջավադյանն անդրադարձավ կարագի գնի բարձրացմանը և դա պայմանավորեց նրանով, թե պարզվել է, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, այդ պատճառով էլ կարագի պահանջարկն ավելացել է, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման: «Եվրոպայում, այլ երկրներում կարագի դեֆիցիտ եղավ, կար իրավիճակ, երբ խանութներում խնդրահարույց էր կարագ գնելը»,- ասաց նա:
