Սուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագտ մատուցել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 Սրբազան Հոր խոսքով՝ Սուրբ Պատարագը հոգու բժշկություն է, որով մեր մեջ վերականգնվում է Աստծո պատկերը։

««Վերցնելով հացն իր սուրբ, աստվածային, անմահ, անարատ և արարչագործ ձեռքը՝ օրհնեց, գոհացավ, կտրեց, տվեց իր ընտրյալ, սուրբ և բազմյալ աշակերտներին՝ ասելով․ “Առեք կերեք, սա իմ մարմինն է”» (պատարագամատույց)։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Հայոց եկեղեցու Պատարագամատույցի այս սրբազան հատվածը մի շարք բառերի մեջ խտացնում է Տիրոջ երկրային ծառայության երկու մեծագույն իրադարձությունները՝ օրվա Ավետարանում պատմվող հինգ հացերի բազմացման հրաշքը և Վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ հաղորդության հաստատումը։ Այս խոսքերը միահյուսում են նույն աստվածային գործողությունները, որոնք ավետարաններում բազմիցս կրկնվում են. Քրիստոս վերցնում է, օրհնում է, գոհանում, կտրում է և տալիս։ Նույն հաջորդականությունն առաջին անգամ բացահայտվում է հինգ հազար մարդկանց կերակրելու հրաշագործության պահին, իր լրումը գտնում Վերջին ընթրիքի խորհրդավոր սեղանի շուրջ, իսկ այսօր շարունակում է կենդանի մնալ յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ընթացքում։ Հետևաբար, այսօրվա Ավետարանը միայն անցյալի մի հրաշքի պատմություն չէ։ Այն մարգարեական նախապատկերն է Սուրբ Խորհուրդի, որ Քրիստոս հաստատեց Վերջին ընթրիքին և որը Եկեղեցին երկու հազար տարի շարունակ անխախտ կերպով ապրում ու մատուցում է Սուրբ Պատարագի մեջ։ Ահա թե ինչու Եկեղեցին երբեք չի դիտել հացի բազմացման հրաշքը որպես պարզապես կարեկցանքի կամ աստվածային զորության արտասովոր դրսևորում։

Երբ աշակերտները դիմում են Հիսուսին, թե՝ «Արձակի՛ր այդ ժողովրդին, որպեսզի գնան և ուտելիք գնեն իրենց համար»,- նրանք արտահայտում են մարդկային սովորական մտածողությունը. ամեն մարդ թող ինքն իր կարիքն հոգա, և ամեն խնդիր լուծվի անհատական միջոցներով։ Քրիստոսի պատասխանը ոչ միայն փոխում է նրանց մտածողությունը, այլև բացահայտում է Եկեղեցու հավիտենական կոչումը՝ լինել Աստծո շնորհի սպասավորն աշխարհում. «Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Այս խոսքը հնչում է որպես մշտական և կենդանի կոչ Եկեղեցուն՝ այսօր, այստեղ, ուղղված յուրաքանչյուր հավատացյալի և յուրաքանչյուր ընտանիքի։ Տերն աշխարհը չի թողնում իր ճակատագրին։ Նա իր Եկեղեցուն է վստահում մարդու սովը հագեցնելու առաքելությունը։ Խոսքը միայն մարմնական քաղցի մասին չէ։ Մարդու ամենամեծ կարիքը հացից առավել խորն է։ Նա քաղցած է ճշմարտության, ծարավ՝ սիրո, կարոտ՝ ներման, խաղաղության և հավիտենական կյանքի։ Աշխարհը կարող է նյութական առատության մեջ լինել, բայց ներքուստ դատարկ մնալ։ Կարող է ունենալ ամեն ինչ և միևնույն ժամանակ զրկված ամենակարևորից՝ Քրիստոսի կենդանի ներկայությունից։ Ահա թե ինչու հինգ հացերի հրաշքը դառնում է Եկեղեցու ինքնության կենդանի պատկեր. Եկեղեցին կանչված է ոչ միայն հավատքը պահելու, այլև դառնալու այն կենդանի հացը, որով Աստված այսօր էլ կերակրում է իր ժողովրդին։

Աշակերտները բերում են իրենց ունեցած քիչը՝ «հինգ հաց և երկու ձուկ», և ներկայացնում, որ ոչինչ չունեն։ Սա մարդու սահմանափակ ընկալման պահն է։ Հաճախ մենք չենք տեսնում մեր ունեցածը, թեկուզ և՝ քիչ։ Քրիստոսի ձեռքում «քիչը» և նույնիսկ «ոչինչը» վերածվում է առատության։ Այն, ինչ մարդու աչքին չնչին ու անբավարար է թվում, Աստծու ձեռքում դառնում է կյանքի և փրկության միջոց։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը նկատում է, որ Տերը կարող էր իր ամենազոր խոսքով ոչնչից ստեղծել անհրաժեշտ հացը, սակայն կամեցավ ընդունել աշակերտների բերած սակավ ընծան՝ հայտնելու, որ փրկագործությունն Աստծո ամենազոր նախաձեռնության և մարդու ազատ համագործակցության արդյունք է։ Աստված չի արհամարհում սակավությունը, այլ ընդունում է այն, սրբագործում և բազմապատկում իր շնորհով։ Հինգ հացը քիչ էր բազմության համար, բայց բավարար էր Քրիստոսի ձեռքում, որովհետև Աստծո զորությունը չափվում է իր սիրո և շնորհների լիությամբ։

Եվ այստեղ բացվում է Ավետարանի խորքը՝ գործողությունների այն աստվածային հաջորդականությունը, որը Եկեղեցին ապրում է ամեն Սուրբ Պատարագի ժամանակ. «Վերցրեց… օրհնեց… գոհացավ… կտրեց… տվեց…»։ Ահա Սուրբ Պատարագի կենդանի կառուցվածքը՝ նույնքան իրական, որքան այսօր մեր մասնակցությունը, միաժամանակ՝ քրիստոնյաներիս հոգևոր կյանքի ուղին՝ իր ամբողջ խորությամբ։

Քրիստոս նախ վերցնում է մեզ՝ մեր իրականությունից, մեր թուլություններից, մեր մեղքերից, մեր փոքր հավատքից։ Օրհնում է մեզ՝ իր շնորհով վերականգնելով և սրբացնելով մեր գոյությունը։ Հետո կտրում է՝ ազատելու մեզ մեր եսասիրության, ինքնաբավության և ներփակ կյանքի կապանքներից, որպեսզի վերածվենք հաղորդության։ Եվ վերջապես տալիս է մեզ, որպեսզի այն, ինչ սրբագործում է իր շնորհով, դառնա կյանք ուրիշների համար։ Սա է Եկեղեցու խորքային խորհուրդը՝ ոչ թե ինքնակենտրոն գոյություն, այլ աշխարհին հանձնված կյանք՝ Քրիստոսի ձեռքով օրհնված։

Եվ այժմ հասնում ենք այն խոսքին, որը Եկեղեցին ամեն Սուրբ Պատարագի ընթացքում հռչակում է որպես իր հավատքի գագաթնակետ. «Սա իմ մարմինն է»։ Եկեղեցու հայրերից մեկը, նոր մկրտվածներին բացատրելով Քրիստոսի Մարմնի խորհուրդը, հիշեցնում է Պողոս առաքյալի այն խոսքը, թե՝ «Դուք միասնաբար կազմում եք Քրիստոսի մարմինը և առանձին-առանձին՝ նրա անդամները» (Ա Կորնթ. ԺԲ 27)։ Ապա ավելացնում է. «Այն խորհուրդը, որ ընդունում եք, հենց ձեր խորհուրդն է։ Ձեզ ասվում է. «Քրիստոսի Մարմինն եք», և դուք պատասխանում եք. «Ամեն»։ Ուրեմն եղե՛ք Քրիստոսի Մարմնի անդամներ, որպեսզի ձեր «Ամեն»-ը ճշմարիտ լինի։ … Եղե՛ք այն, ինչ տեսնում եք, և ընդունեցե՛ք այն, ինչ եք»։ Աստծու Խոսքն ու Սուրբ Հաղորդությունն ընդունելով՝ աստիճանաբար դառնում ենք այն, ինչ ընդունում ենք։ Դառնում ենք այն մարմինը, որի գլուխը հարուցյալ Քրիստոսն է՝ Հոր աջ կողմում բազմած (Կող. Ա 18), որ մեզ համար տեղ է պատրաստում երկնքի արքայության մեջ (Հովհ. ԺԴ 3)։

Սուրբ Պատարագին մասնակից ժողովուրդը զոհաբերությունը մատուցում է ոչ միայն քահանայի ձեռքով, այլև նրա հետ միավորված։ Այս իմաստով Սուրբ Պատարագը քրիստոնյաներիս հոգևոր զոհաբերության ձևն է (Եբր. ԺԳ 16), որովհետև այն թե՛ Աստծո հետ, թե՛ միմյանց հետ միավորվելու ուղին է։ Մասնակցելով Սուրբ Պատարագին՝ հավատացյալներս սովորում ենք մեր անձը մատուցել և օրեցօր Քրիստոսի միջոցով ավելի կատարյալ կերպով միավորվել Աստծո և միմյանց հետ։ Այսպես, ներառվելով Քրիստոսի Մարմնի մեջ, սովորում ենք ապրել Տեր Հիսուսի կենսակերպով, որի էությունը անձնազոհ ու անշահախնդիր նվիրումն է։ Այդ նվիրումը մեզ ներգրավում է միասնության շարժման մեջ, որը զորավոր դեղամիջոց է այն բաժանումների դեմ, որոնք քայքայում են մեր աշխարհը, մեր համայնքները, մեր ընտանիքները և նույնիսկ մեր սեփական սրտերը։

Սուրբ Պատարագը հոգու բժշկություն է, որով մեր մեջ վերականգնվում է Աստծո պատկերը։ Սուրբ Ներսես Շնորհալին հորդորում է մեզ Քրիստոսի Սուրբ սեղանի առջև կանգնելիս սիրտը վերածել կենդանի զոհասեղանի։ Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին հացի բազմացման հրաշքը մեկնաբանում է որպես Եկեղեցու մշտական սնուցում՝ բխող Քրիստոսի անսպառ շնորհից։

Սիրելի՛ հավատացյալներ,

Մասնակցելով Սուրբ Պատարագին՝ մենք կանգնում ենք ոչ թե անցյալի հիշողության, այլ կենդանի ներկայության առաջ։ Քրիստոս այսօր էլ նույնն է․ նա վերցնում է, օրհնում է, կտրում է և տալիս է։ Նա այսօր էլ իր Եկեղեցու մեջ հռչակում է. «Սա իմ մարմինն է»։ Եվ այս Մարմինը պարզապես խորհրդանիշ չէ։ Այն Եկեղեցին է՝ իբրև Քրիստոսի կենդանի ներկայություն աշխարհի մեջ, նրա շարունակվող կյանքը պատմության մեջ։

Եվ այստեղ է քարոզի վճռական ճշմարտությունը. Սուրբ Պատարագը սկսվում է այստեղ՝ Սուրբ Սեղանի առաջ, բայց իր իրական շարունակությունը գտնում է դրսում՝ աշխարհի մեջ։ Դուրս գալով տաճարից՝ մենք դառնում ենք այն հացը, որով Քրիստոս կամենում է կերակրել աշխարհը, դառնում ենք այն սերը, որով նա բժշկում է բաժանումները, դառնում ենք այն հույսը, որով նա բարձրացնում է ընկածին, դառնում ենք այն խաղաղությունը, որով նա հաղթում է ատելությանը։ Այսօր Քրիստոս մեզ հրավիրում է ոչ միայն հավատալու և Սուրբ Հաղորդություն ստանալու, այլև դառնալու իր Մարմնի ճշմարիտ անդամները, իր կենդանի վկայությունն աշխարհում։ Երբ ապրում ենք այս կոչումով, մեր կյանքը վերածվում է այն հրաշքի, որը սկսվում է հինգ նկանակից և չի սպառվել մինչ այսօր։ Ուստի մոտենանք Սուրբ Սեղանին ոչ միայն ընդունելու, այլ նաև փոխակերպվելու համար։ Որպեսզի մեր «Ամեն»-ը լինի ոչ թե ավարտ, այլ սկիզբ։

Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարեպա՛շտ համայնք,

Ամիսներ առաջ, այս սուրբ տաճարում սիրով ու ջերմությամբ ընդունեցիք ինձ որպես վարդապետի՝ առաջնորդական տեղապահի։ Այդ ընդունելությունը եղավ ոչ թե արտաքին հյուրընկալություն, այլ կենդանի հավատքի և եկեղեցական սիրո վկայություն։ Այսօր կրկին կանգնած եմ ձեր մեջ, արդեն որպես եպիսկոպոս, և նույն սիրով ու հոգևոր ջերմությամբ եմ շրջապատված, ինչն իմ սիրտը լցնում է խորը երախտագիտությամբ։ Ջերմ շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ եկեղեցական ամբողջ համայնքին՝ ձեր աղոթական մասնակցության, հավատարմության և միասնական հոգու համար։ Առանձնապես շնորհակալություն եմ հայտնում երգչախմբին և դպրաց դասին՝ ձեր ծառայության, նվիրումի և պատարագի սրբազան արարողության գեղեցկությունը կենդանի պահելու համար։

Երախտագիտությունս մեր սիրելի հոգևոր եղբորը՝ Սուրբ Աստվածածնի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդին, որի առաջնորդությամբ այս համայնքը պահում է իր հոգևոր ընթացքը հավատքի, կարգապահության և սիրո մեջ։

Թող Տերը օրհնի ձեզանից յուրաքանչյուրին, պահի ձեր ընտանիքները իր խաղաղության մեջ, և այս սուրբ եկեղեցին թող շարունակի մնալ կենդանի վկայություն հավատքի, սիրո և միասնության։ Ամեն»,- իր քարոզում նշել է Սրբազան Հայրը։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում․ պարալիզացված է «Մուլտի Գրուպ»-ի ընկերությունների աշխատանքը (video) Միջազգային սկանդալ է․ Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին․ Տոնոյան (video) Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Զաքարյան Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Արաբական ծովում ուղղաթիռի կործանումից հետո անհետացած զինծառայողի որոնումները Իրանում իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն Մի օր էս ամեն ինչը հեղեղելու է փողոցներն ու սրբի-տանի էս իշխանություններին. Սուքիասյան (video) Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Ամեն մեկն իր կռիվը պետք է տա, անկախ նրանից` իր կողքին ուրիշ մարդիկ կան, թե ոչ. Արմինե Օհանյան Պետք է վատագույն սցենարին սպասենք․․․ Փաշինյանը կոնկրետ պլան ունի․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ-ն ավտոմատներով մտել է Գագիկ Ծառուկյանի տուն․ ինչ է կատարվում ներսում (video) Թրամփը Զելենսկիի հետ կհանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում․ CNN Ֆրանսիական թանգարանից միլիոնավոր եվրոյի արժողությամբ զարդեր են հափշտակել. AFP Զինված ԱԱԾ-ն առավոտյան 7-ին մտել է Գագիկ Ծառուկյանի առանձնատուն․ ի՞նչ գործ են կարում նրա վրա․Տոնոյան (video) Փաշինյանն այսօր թռել է ՌԴ, և հենց այսօր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է. Արման Աբովյան (video) Սուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հրդեհ՝ Գետահովիտ բնակավայրի տներից մեկում․ այրվել է տանիքը Ովքեր դասեր կքաղեն նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան Ինչու՞ է ԱԱԾ-ն այսպես՝ ավտոմատներով, մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Երեմ Սարգսյանի մեկնաբանությունը (video) Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am