Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն անսպասելի որոշում է կայացրել՝ կասեցնելով ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի մեկխաղյա որակազրկումը։ Այս որոշմանն արդեն հասցրել է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում (2:0) Բալոգունը հեռացվել էր խաղադաշտից բոսնիացի Տարիկ Մուհարեմովիչի սրունքթաթային հոդին դիտավորյալ կանգնելու համար։ Մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ կոպիտ խախտման պատճառով ամերիկացի հարձակվողին սպառնում է մի քանի խաղի որակազրկում:
Սակայն, ինչպես հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպության կարգապահական օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ խաղացողի ավտոմատ որակազրկման կիրառումը կասեցվել է՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։
Այսպիսով, ԱՄՆ-ի ընտրանու գլխավոր ռմբարկուներից մեկը կկարողանա օգնել իր թիմին հուլիսի 7-ին կայանալիք Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչի վճռորոշ հանդիպմանը։
Այս լուրն անտարբեր չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Truth Social սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:
«Շնորհակալություն ՖԻՖԱ-ին ճիշտ վարվելու և մեծ անարդարությունն ուղղելու համար»,- գրել է Թրամփը։
Աղբյուրը՝ Armsport.am:
