Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times
Պատերազմի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի զոհերի և վիրավորների ընդհանուրը թիվը գերազանցել է 2 միլիոնը, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներին։
Ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանի կորուստները գնահատվում են մոտ 1.4 միլիոն մարդ, իսկ Ուկրաինայինը՝ 525,000-ից 625,000 մարդ։
Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ մեծ կորուստներին զուգահեռ Ռուսաստանը նաև այլ խնդրի է բախվում, մասնավորապես դանդաղել է ռուսական զորքերի առաջխաղացումը։ Մինչդեռ ուկրաինական հարձակումները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, մարտական գործողությունները տեղափոխում են Ռուսաստանի տարածք։
The New York Times-ը հաղորդում է, որ 2026-ին Ռուսաստանն ամսական կորցնում է 30,000 – 34,000 զինվոր, ինչն արդեն գերազանցում է նոր պայմանագրային զինծառայողների հավաքագրման տեմպը։ Ավելին, գարնանը, 2024-ից ի վեր առաջին անգամ, ռուսական բանակը սկսեց ավելի շատ տարածք կորցնել, քան գրավել։
Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը պաշտոնապես չեն բացահայտում իրենց զոհերի մասին տեղեկությունները՝ կենտրոնանալով թշնամու կորուստների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ զոհերի թվի մասին հայտնել է մասնակի զորահավաք հայտարարելու օրը՝ 2022-ի սեպտեմբերի 21-ին։
