Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված անուղղակի բանակցությունները «շատ լավ» են ընթացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News-ը։«Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
«Մենք նրանց շատ ուժեղ հարված հասցրինք… բայց իրար հետ լավ լեզու ենք գտնում»,- հավելել է նա։
Դոհայում անցկացվող տեխնիկական բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները չեն հանդիպել դեմ առ դեմ, թեև նման ձևաչափ նախատեսված է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Փոխարենը, Պակիստանի և Կատարի միջնորդները կողմերի դիրքորոշումները փոխանցելու են միմյանց՝ նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունն անցած շաբաթվա վերջում տեղի ունեցած հերթական ռազմական բախումից հետո։
Բանակցությունները դրական էր գնահատել նաև Կատարը։ Հանդիպման արդյունքների հետ կապված Կատարի ԱԳՆ խոսնակը նշել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ խորհրդակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։
