Թուրքիան և Ադրբեջանը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին փախլավան Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փախլավան ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում «baklava» և «pakhlava» անվանումներով ընդգրկելու համար։ Հաղորդում է RBC-ն՝ հղում անելով Turkie թերթին։
Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սյամեն քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում:
Թուրք պաշտոնյաները կազմակերպության կողմից դրական որոշում են ակնկալում։ Նախկինում՝ 2013 թվականին, Գազիանթեփի փախլավան դարձավ առաջին թուրքական արտադրանքը, որը պաշտպանված կարգավիճակ է ստացել ԵՄ-ում։
Հունաստանը փախլավան իր ճաշացանկում նշում է որպես հունական քաղցրավենիք։ Սակայն, ինչպես գրում է թուրքական թերթը, պատմաբանները կարծում են, որ աղանդերը իր ժամանակակից տեսքը ստացել է օսմանյան պալատի խոհանոցներում և հիշատակվում է պալատական գրքերում, որոնք թվագրվում են Մեհմեդ Նվաճողի ժամանակներին (15-րդ դար)։
