«Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից
Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գեդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, սակայն, կարծում է, որ այս հարցը դիտարկելիս պետք է բացառել զգացմունքային մոտեցումները եւ կայացված որոշումը դիտարկել որպես ռազմաքաղաքական իրողությունների արդյունք:
«Այս քայլը վկայում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների խոր ճգնաժամի մասին, ինչը խոսում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի էական փոփոխության մասին։ Տասնամյակներ շարունակ Թել Ավիվը խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ չվտանգելու համար Անկարայի հետ ռազմավարական հարաբերությունները։ Այսօր այդ հարաբերությունները հասել են պատմական նվազագույն մակարդակի, եւ նույն հարցն արդեն վերածվել է Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշման գործիքի։ Թուրքիան 2024-ին կասեցրել է Իսրայելի հետ ողջ առեւտուրը, նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել է դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրության մասին, իսկ Գազայի պատերազմի ընթացքում Անկարան հետեւողականորեն պահպանել է կոշտ հռետորաբանություն, աջակցել ՀԱՄԱՍ-ին եւ միացել Իսրայելի դեմ միջազգային իրավական նախաձեռնություններին։ Հետեւաբար, կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Եթե քաղաքական միջավայրը փոխվի, չի կարելի բացառել, որ Իսրայելի օրակարգում այս թեման կորցնի իր առաջնահերթությունը։ Երկրորդ․ Իսրայելը շարունակում է Հոլոքոստը դիտարկել որպես մարդկության պատմության բացառիկ ողբերգություն։ Հենց այս մոտեցումն է երկար տարիներ ձեւավորել Թել Ավիվի զգուշավոր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ սահմանափակելով մյուս ցեղասպանությունների նկատմամբ համարժեք քաղաքական գնահատականների ձեւավորումը»,- ասում է Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իսրայել փոխհարաբերություններին, ապա նույնիսկ եթե Կնեսետն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, դժվար թե դա ազդի Ադրբեջան-Իսրայել ռազմավարական գործընկերության բնույթի վրա։ «Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունները հիմնված են անվտանգության, հետախուզական, էներգետիկ եւ ռազմատեխնիկական համագործակցության վրա եւ կարեւոր դեր են խաղացել ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ հետպատերազմյան տարածաշրջանային իրողությունների ձեւավորման գործընթացում։ Հետեւաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, չի ազդի այդ ռազմավարական դաշինքի հիմքերի վրա: Բացի այդ, Իսրայելն այսօր շարունակում է Իրանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը։ Այդ դիմակայության հետագա խորացումը կարող է նոր ռիսկեր ստեղծել Հարավային Կովկասում, որոնց բացասական ազդեցությունից Հայաստանը չի կարող մնալ անմասն։ Հետեւաբար, Երեւանը պարտավոր է այս գործընթացները գնահատել ոչ միայն պատմական արդարության, այլեւ ազգային անվտանգության տեսանկյունից: Եթե Իսրայելի կառավարության որոշումը հաստատվի նաեւ Կնեսետի կողմից, այն կարող է որոշ չափով սահմանափակել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ մանեւրելու Ադրբեջանի հնարավորությունները։ Սակայն դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից, քանի դեռ արտաքին քաղաքականությունը շարունակում է տառապել սահմանափակ սուբյեկտությունից, նախաձեռնողականության պակասից եւ ռազմավարական մտածողության ճգնաժամից»,- նկատում է Սուրենյանցը։
Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանն էլ կարծում է, որ Իսրայելում փայլուն ռազմագետներ են նստած. «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ճիշտ ժամանակին ու ճիշտ հաշվարկով, իսրայելական կառավարող էլիտան գնում է այս որոշմանը, երբ Իսրայել-Թուրքիա հակամարտությունը հասունանում է, եւ Թուրքիան զսպելու նպատակով հասունանում է Իսրայել-Ֆրանսիա֊-Կիպրոս-Հունաստան ալյանսի ձեւավորումը` մյուս կողմից։ Թուրքիայի ներկայի ու անցյալի վերաբերյալ բոլոր չորսն էլ ունեն հստակ դիրքորոշում»,- նշում է նա: Քաղաքագետ Արման Գրիգորյանի կարծիքով՝ հստակ է, որ սա Իսրայելի կողմից օգտագործվում է որպես գործիք Թուրքիայի հետ իրենց հակամարտության կոնտեքստում: «Յուրահատուկ ցինիզմ է Իսրայելի կողմից նման օրինագիծ քննարկելը, երբ նրանք Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն են եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ու մեծ դերակատարում են ունեցել հայերի դեմ Ադրբեջանի հաղթական պատերազմի ու Արցախի հայաթափման մեջ։ Հստակ է, վերջապես, որ Իսրայելի կողմից նման օրինագծի քննարկումը շատերի մոտ դառը քմծիծաղից բացի ոչինչ չի հարուցում, քանի որ Իսրայելը՝ ինքը, հենց հիմա իրականացնում է մի բան պաղեստինցիների դեմ, ինչի համար պատրաստվում է դատապարտել Թուրքիային»,- նկատում է Գրիգորյանը:
Ցեղասպանության ճանաչման նախագծին կոշտ են արձագանքել ոչ միայն Անկարայում, այլեւ՝ Բաքվում: https://minval.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի կառավարության կողմից, ինչպես իրենք են նշում՝ «այսպես կոչված» հայոց ցեղասպանության նախագծի ճանաչումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլերը չեն նպաստում համերաշխության հաստատմանն ու փոխըմբռնմանը, ընդհակառակը՝ գոյություն ունեցող հակասություններն էլ ավելի են սրում եւ խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Սովորաբար, երբ Ադրբեջանի համար իրապես ցավոտ հարցեր են առաջանում, որոնք ուղիղ կապ ունեն Հայաստանի հետ, ադրբեջանական քարոզչամեքենայում դա դառնում է գլխավոր թեմա: Այնինչ, այս պարագայում ադրբեջանական քարոզչական տիրույթում մեծ հետաքրքրություն չի նկատվում՝ բացառությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության: Գործընկեր Իսրայելի հարցում զգուշավորություն են ցուցաբերում եւ ձեռնպահ են մնում նրա քայլը քննարկելուց, ինչպես սովորաբար լինում է ուժեղ մրցակցի դեպքում: Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին` Իսրայելի կառավարության այդ քայլին, ապա haqqin.az-ը գրել էր, որ Փաշինյանը որոշել է որեւէ կերպ չարձագանքել, ռեակցիա չտալ Իսրայելի այս որոշմանը: Ակնհայտորեն, նրանց սրտով է եղել Փաշինյանի լռությունը եւ հատկապես այն լղոզված հայտարարությունը, թե «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»: Ինչը նշանակում է, որ ՀՀ վարչապետն ամենուր պատերազմի վտանգ է տեսնում եւ անասելի վախենում է Թուրքիայից:
