Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ
«Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը: Փորձագետներն ահազանգում են, որ կառավարող ուժը՝ իբրեւ թե հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի համար, մտադիր է գործի դնել մեխանիզմ, որը կապահովի հասանելիություն մեր բջջային հեռախոսներին, ու թերեւս՝ «Աստված գիտե» ինչ ծավալով հասանելիության մասին է խոսքը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է՝ իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը բացարձակապես անկարող է լինելու պետական մակարդակով ապահովել անձնական տվյալների գաղտնիություն՝ այդ թվում արտաքին ուժերի եւ այլ տարատեսակ կազմակերպությունների համար, կարծում եմ կասկածից վեր է մեծամասնության համար:
«Եվ ուրեմն, ու՞մ մտքով կամ գլխով է անցնում այդպիսի մեխանիզմի ներդրում: Այն, որ Հայաստանում հեռախոսների մաքսանենգությունը մեղմ ասած չունի այն ծավալը, որ լինի տոտալ վերահսկողության պատճառ, կարծում եմ անգամ ավելորդ է քննարկել: Ավելին, եթե կա այդպիսի ծավալի մաքսանենգություն, ապա պետք է տոտալ փոփոխության ենթարկվի սահմանապահ ծառայության ու մաքսային ամբողջ համակարգը, ոչ թե հաստատվի տոտալ բջջային վերահսկողություն:
Հարկատուները փող են տալիս, որ սահմանապահ ու մաքսային կառույցները, դրանց օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները պայքարեն մաքսանենգության դեմ, այլ ոչ թե ստեղծվի այդ նույն հարկատուներին տոտալ վերահսկողության ենթարկելու մեխանիզմ:
Բայց, եւ այդուամենայնիվ, ու՞մ գլխում է այդ միտքը: Համաշխարհային «թվային իշխանության», հարգարժաններ: յո, դրանից կօգտվի նաեւ Հայաստանի իշխանությունը, բայց այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է: Մեղմ ասած անտեղյակություն կամ ընդամենը մոլորեցնող դիտավորություն է այդ «իշխանության» գոյությունը համարել դավադապաշտություն: Հետեւեք միջազգային ֆորումներին, հետեւեք թվային հսկաների ղեկավարների «մտքի թռիչքներին», հետեւեք տարբեր պետությունների, այդ թվում հեգեմոնի՝ ԱՄՆ քաղաքականության հանդեպ նրանց ազդեցությանը, հետեւեք թվային մրցակցությանը, հետեւեք համաշխարհային ազդեցիկ ֆորումների օրակարգերին:
Այդ ամենում կա մի գերակա կարմիր թել՝ ուղիղ կամ թափանցիկ համատեքստով. Սահմանել առավելագույն հսկողություն հասարակությունների տրամադրությունների ու շարժի նկատմամբ:
Եվ այդ մղումը նույնիսկ հասկանալի է: Այդ մարդիկ համախառն տիրապետում են տրիլիոնավոր, տասնյակ տրիլիոնավոր դոլարներ: Որքան մեծ է նրանց կարողությունը՝ համաշխարհային տարածումով, այնքան մեծ է հանրություններին վերահսկելու նրանց ձգտումն ու մոտիվը՝ իրենց կարողության կոմֆորտի երկարաժամկետ ապահովման համար:
Իսկ, որպեսզի հասարակություններում չառաջանա այդ ամենի նկտամամբ որեւէ լրջմիտ՝ ոչ միայն հակազդեցություն, այլ նույնիսկ՝ կասկած, նրանք բնականաբար ինտենսիվ աշխատանք են կատարում նաեւ այդ ամենի վերաբերյալ խոսակցությունները «դավադրապաշություն» որակելու համար»,-գրում է նա։
