Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Ուկրաինայում ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Կամիանեց-Պոդոլսկիի Աստվածածնի հայկական սրբապատկերի օրը։ Սրբապատկերը երկրպագել են Կամիանեց-Պոդոլսկիի բոլոր երեք քրիստոնեական ծեսերի հավատացյալները՝ հայերը, ուկրաինացիները և լեհերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։
«Դարերի և ժողովուրդների կապող թել», – այսպես է անվանի ուկրաինացի գիտնական Իրինա Գայուկը նկարագրել Կամիանեց-Պոդոլսկիից Հայ Աստվածածնի սրբապատկերը։
«Այս սրբապատկերը, ինչպես ոչ մի այլ արտեֆակտ, հնարավոր է՝ բացառությամբ Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարի, մարմնավորում է հայերի պատմությունը Ուկրաինայի հողերում»,- ասել է Գայուկը։
Ղրիմից Կամիանեց-Պոդոլսկի բերված և Վենետիկի հայ համայնքի խնդրանքով նկարազարդված սրբապատկերը 17-րդ դարում թուրքերի կողմից քաղաքի գրավումից հետո անցել է Եվրոպայի կեսը և կրկին վերադարձել Ուկրաինա՝ ազատագրումից հետո։ Սակայն հրաշագործ սրբապատկերը երկար ժամանակ սպասել է Սուրբ Ստեփանոսի հայկական մատուռի վերականգնմանը։ Միայն 1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերը հանդիսավոր կերպով օծվել և տեղափոխվել է վերականգնված տաճար, այն օրը, երբ Լվովի հայ արքեպիսկոպոսը մեծ տոն է հայտարարել։
Սրբապատկերը մեծարվում էր քաղաքի բոլոր հավատքների հավատացյալների՝ հայ կաթոլիկների, ուղղափառ ուկրաինացիների և կաթոլիկ լեհերի կողմից, ովքեր դիմում էին դրա օգնությանը՝ մխիթարության և պաշտպանության համար: Սակայն 1920 թվականին, երբ բոլշևիկները թալանեցին տաճարը, սրբապատկերը անհետացավ և գրեթե 100 տարի համարվեց կորած, մինչև 2006 թվականին այն հայտնաբերվեց Կիևի Վարվառա և Բոգդան Խանենկոյի թանգարանում:
«Դրա իսկությունը մանրակրկիտ վերագրման գործընթացի արդյունքում ճշտելուց հետո 2012 թվականի հունիսի 27-ին Վարվառա և Բոգդան Խանենկոյի թանգարանում տեղի ունեցավ հանդիսավոր շնորհանդեսը», – նշեց Իրինա Գայուկը:
