«Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Հնչում է չէ՞ հաճախ այսպիսի մի տգիտություն, թե՝ քննադատում եք Եվրոպային, բայց գնում եք, ճամփորդում եք Եվրոպա:
Ինչու՞ է սա տգիտություն: Որովհետեւ Եվրոպան ինքնին, ու Եվրոպայի առանձին վերնախավերի վարած քաղաքականությունը՝ իրենց շահերով ու պատկերացումներով, դրանք բացարձակապես տարբեր բաներ են: Ավելին, այն Եվրոպան, ուր ձգտել ու ձգտում են բոլոր նորմալ մարդիկ, ձեւավորվել է բացարձակապես այլ վերնախավերի քաղաքականության, մտածողության, աշխարհընկալման արդյունքում, այլ արժեքների ու բարոյական նշաձողերի գերակայության եւ առաջնորդության պայմաններում:
Այդ Եվրոպան՝ որպես քաղաքական ու քաղաքակրթական միավոր, գոյություն չունի վաղուց: Այդ Եվրոպան դարձել է ներկայումս եվրոպական վերնախավի կարգավիճակ ունեցող պարզունակ խմբերի զոհը, որոնք իրենց վերնախավային դիրքերը պահելու մի գաղափար ունեն՝ «հրեշ Պուտինի» գաղափարը, որ ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ եւ փորձում են դրանով ծածկել այն ճգնաժամը, որում հայտնվել է Եվրոպան:
Ըստ այդմ, եթե առհասարակ խոսում ենք Եվրոպայի արժեվորման ցուցիչի մասին, ապա դա նախ եւ առաջ եվրոպական ներկայիս էլիտաների պրիմիտիվության մատնանշումն է, ոչ թե Պուտինի հանդեպ ատելության թափահարումը՝ որպես Եվրոպայի նկատմամբ լոյալության ու հոգատարության վկայագիր:
Ինչ խոսք, պրիմիտիվ սանդղակների պարագայում բարդ է առաջնորդվել ոչ պրիմիտիվ, ոչ մակերեսային չափումներով: Ցավալին այն է, որ այդ պրիմիտիվությունը դարձրել են բնորոշ ոչ միայն եվրոպական հանրությունների զգալի մասին, այլ նաեւ մի շարք այսպես ասած հետխորհրդային հանրություններին, այդ թվում՝ Հայաստանի հասարակությանը: Ընդ որում, եվրոպական հասարակություններում արդեն բավականին նշմարելի է ընդվզումը այդ պրիմիտիվության դեմ, թեեւ իհարկե էլիտաները դեռեւս փորձում են այդ ամենը ակտիվորեն ճնշել «հրեշավոր Պուտինի» տեխնոլոգիայով:
Ցավոք, Հայաստանի հասարակության պարագայում պրիմիտիվությունը դեռեւս կազմում է տեսակարար մեծ կշիռ: Բայց այստեղ նաեւ աշխատանքի դաշտ է, ընդ որում առանց ավելորդ էպատաժների, առանց ավելորդ հիստերիայի, առանց աղիողորմության, բայց համառ կամքով ու հետեւողականությամբ ուղեկցվող աշխատանքի:»:
