Գործադիրը հակասություն է տեսել
Կառավարությունն առաջարկել է Ալեն Սիմոնյանի և Ալխաս Ղազարյանի ներկայացրած նախագիծը լրամշակել, հակասությունները հստակեցնել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքի «Նախագծեր» բաժնում զետեղված օրինագծից, որի վերաբերյալ գործադիրն իր դիտարկումներն է նեկայացրել։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը մշակել են նախագիծ, որով առաջարկում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարել։ Մասնավորապես՝ 2006 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ:»:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր ՀՀ պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի:
Արդյունքում՝ բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշների լիարժեք եւ համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Նախագիծը մշակողներն ակնկալում են, որ ընդունման արդյունքում կնպաստեն ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, կապահովեն միասնական պետական խորհրդանշական միջավայր, կխթանեն պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձեւավորումը քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետություն այցելող անձանց շրջանում:
Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Ըստ կառավարության՝ «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի» ձևակերպումն անորոշ է և պարզ չէ, թե որ հատվածում է նախագծով նախատեսվում տեղակայել ՀՀ դրոշը, ուստի իրավական որոշակիություն ապահովելու տեսանկյունից, Կառավարությունն առաջարկում է վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումը կամ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացուցիչ պարզաբանել առաջարկվող կարգավորումը։ Կառավարությունից ընդգծել են, որ վարչական տարածքները կարող են ունենալ մի քանի մուտք, ուստի անհասկանալի է նաև, թե դրանցից որը կարող է համարվել հիմնական։ Կառավարության որոշման մեջ ասվում է․ «Նկատի ունենալով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումը ենթակա է վերանայման»։
Բացի այդ, ընդգծվել է, որ Նախագծով նախատեսված կարգավորման և Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված առաջարկի միջև առկա է հակասություն, քանի որ անհասկանալի է` միայն յուրաքանչյուր համայնքի, թե բնակավայրերից յուրաքանչյուրի մուտքի մոտ է նախատեսվում դրոշը տեղադրել։
Ըստ Կառավարության որոշման, անհրաժեշտ է հստակեցնել նաև թե որ մարմինն է պատասխանատու դրոշի բարձրացման և սպասարկման համար (մարզպետ, համայնք): Լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն կունենան դրոշի բարձրացման տեղադիրքի (հողամասի, գույքի) պատկանելությանն առնչվող հարցերը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտել է, որ նախագիծն անհրաժեշտ է լրամշակել ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա:
Հասմիկ Սարգսյան
