Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին ջրային ռեսուրսների հետ կապված ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում՝ Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման պայմանագրի կատարումից Նյու Դելիի հրաժարվելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամադ Ասիֆը։
«Հենց մեզ համար ազգային անվտանգության սպառնալիք առաջանա, իսկ ջրային պաշարները դրա մի մասն են, մենք պատերազմ կսկսենք Հնդկաստանի դեմ: Անկասկած», – ասել է Ասիֆը ARY News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Իսլամաբադը կդիտարկի ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե հայտնվեն կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը «տագնապալի արագությամբ ընթանում է դեպի Պակիստանի ջրամատակարարման խախտում՝ ջուրն օգտագործելով որպես զենք»։
Իր հերթին, ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հնդկաստանի ջրային պաշարների նախարար Չանդրա Փրաքաշ Փաթիլը հայտարարել էր, որ Ինդոս գետի ջրերի հասանելությունը Պակիստանի համար կարող է մինչև 2028 թ․ հունիս լիովին դադարեցվել, եթե այդ երկիրը չդադարեցնի անդրսահմանային ահաբեկչությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
