Քաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրում է.
«Ժողովրդավարություն․ ազատության և պատասխանատվության մշտական փորձությունը
Մարդը ծնվում է ազատ, սակայն հասարակության մեջ հաճախ հայտնվում է այնպիսի կապանքների մեջ, որոնք հենց ինքն է կերտել։ Նա իշխանություն է ստեղծում՝ իրեն պաշտպանելու համար, բայց երբեմն հենց այդ իշխանությունն է դառնում նրա ազատության սպառնալիքը։ Ուստի հասարակության գլխավոր հարցը երբեք չի եղել, թե ով պետք է իշխի, այլ՝ թե ինչպես։
Ժողովրդավարությունը հենց սույն որոնման արդյունքն է։ Այն ժողովրդի հավատքի արտահայտությունն է իր իսկ ճակատագիրը տնօրինելու կարողության նկատմամբ։ Սակայն ժողովուրդը, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունի և՛ բանականություն, և՛ կրքեր։ Երբ կրքերը հաղթում են, ամբոխը կարող է ծափահարել նրան, ով ամենագեղեցիկն է խոսում, ոչ թե նրան, ով ամենաստույգն է մտածում։ Այդժամ ազատությունը վերածվում է խաբկանքի, իսկ ժողովրդի անունից խոսողը՝ մի նոր տիրակալի…
Ժողովրդավարության արժեքը ոչ թե այն է, որ ժողովուրդը միշտ ճիշտ է, այլ այն, որ ժողովուրդը կարող է ճանաչել և ուղղել իր սխալները։ Ոչ մի իշխանություն անսխալական չէ, սակայն ազատ հասարակությունն ունի բացառիկ առավելություն՝ խաղաղ ճանապարհով հրաժարվելու իր մոլորություններից և ընտրելու նոր ուղի։ Քանի որ եթե մարդիկ դադարեն մտածել ընդհանուր բարիքի մասին և առաջնորդվեն միայն անձնական շահերով, ապա հանրային կամքը կխեղդվի մասնավոր շահերի աղմուկի մեջ։ Այդժամ պետությունը կարող է պահպանել ժողովրդավարական անվանումը, սակայն կորցնել իր էությունը։
Ուստի ժողովրդավարությունը պարզապես իշխանության ձև չէ. այն քաղաքացիական առաքինության մշտական փորձություն է։ Այն պահանջում է կրթված միտք, ազատ խոսք և պատասխանատու սիրտ։ Այն պահանջում է, որ մարդը ոչ միայն օգտվի իր իրավունքներից, այլև գիտակցի, որ ազատությունը պահպանվում է պարտականության գիտակցմամբ։
Երբ ժողովուրդը զգոն է, օրենքը՝ արդար, իսկ խոսքը՝ ազատ, ժողովրդավարությունը դառնում է հասարակական պայմանագրի կենդանի մարմնավորումը։ Իսկ երբ քաղաքացիները լռում են, նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունները վերածվում են դատարկ թղթերի։
Ժողովրդավարությունը կատարյալ չէ, քանզի մարդն ինքը կատարյալ չէ։ Սակայն այն հիշեցնում է մի մեծ ճշմարտություն. ազատությունը չի տրվում մեկ անգամ և ընդմիշտ։ Այն պետք է վերանվաճել ամեն օր՝ խղճով, բանականությամբ և հանրային պատասխանատվությամբ»։
